36 հազար ծնունդ. վաստակավոր բժշկի անցած ուղին - Bavnews.am

36 հազար ծնունդ. վաստակավոր բժշկի անցած ուղին

«Եղբորս մահից հետո չէի կարողանում դիակ տեսնել, ստիպված հրաժարվեցի իմ սիրած աշխատանքից»
Հանրապետությունում հայտնի գինեկոլոգ, Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ Ֆելիքս Գրիգորյանը 1965 թվականից աշխատում է որպես բժիշկ: Մանկավարժի ընտանիքում ծնված Ֆ. Գրիգորյանին հոգեհարազատ է եղել տեխնիկական աշխատանքը, սակայն ավագ եղբոր հորդորով ընտրել է բժշկի մասնագիտությունը: Սովորել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում: Չի նախընտրել այս մասնագիտությունը, բայց եւ խոստովանում է՝ եթե կանգնի ընտրության առջեւ, նորից կընտրի բժշկի մասնագիտությունը:

Քչերին է հայտնի, որ մոտ 45 տարիների մասնագիտական գործունեության ընթացքում 36 հազարից ավելի ծնունդ ընդունած Ֆելիքս Գրիգորյանն առաջին մասնագիտությամբ եղել է պատանատոմիստ:
«Ես նախընտրել էի պատանատոմի մասնագիտությունը: Գործս բջիջների ձեւափոխման, կառուցման եւ մարդու մահվան պատճառների ախտորոշման մասին էր: Սիրում էի այդ գործը, սակայն եղբորս մահից հետո չէի կարողանում դիակ տեսնել: Ստիպված հրաժարվեցի իմ սիրած աշխատանքից եւ ընտրեցի գինեկոլոգի մասնագիտություն»,-անկեղծանում է վաստակաշատ բժիշկը:

Ֆ. Գրիգորյանն ասում է, որ իր ընտրած երկու մասնագիտությունները ծայրահեղությունից ծայրահեղություն են, բայց միեւնույն ժամանակ նշում է, որ եւ՛ մահը, եւ՛ ծնունդը բժշկության փիլիսոփայություններն են:
«Երկու ծայրահեղություն է՝ ծնունդ եւ մահ: Այս ամենը շատ կապված է միմյանց հետ: Երկար կյանքի համար պետք է առողջ ծնունդ, հիվանդ ծնունդը հիվանդություններին կյանքի ընթացքում դիմակայել չի կարող: Վերջին հաշվով պետք է ասեմ, որ պատանատոմիան բժշկության փիլիսոփայությունն է, նույն սկզբունքով պետք է նաեւ ասեմ, որ ծնունդը եւս փիլիսոփայություն է: Ես ընտրել եմ երկու ծայրահեղություններ»,-ասում է նա:

36 հազար ծնունդ ընդունած մանկաբարձ-գինեկոլոգը խոստովանում է, որ յուրաքանչյուր ծնունդ յուրովի է հետաքրքիր: 1988 թվականի ավերիչ երկրաշարժին ականատես բժիշկը, սակայն, առանձնակի կապվածություն ունի 88-ից հետո ծնված երեխաների հետ:

«Յուրաքանչյուր ծնունդ իրենով ամենահետաքրքիր դեպքն է աշխարհում: Ինձ համար ամենահետաքրքիր ծնունդներն այն ծնունդներն են, որոնք եղան այն կանանց մոտ, ովքեր երկրաշարժին կորցրել էին երեխաներ: Շատ էին այն կանայք, որոնք ոչ հարմար տարիքում ծննդաբերության համար գնացին այդ ռիսկին եւ նորից ծննդաբերեցին երեխաներ: Սա ինձ համար այնքան մեծ ոգեւորություն էր եւ երախտիք, որ պատրաստ եմ ծնկաչոք շնորհակալություն հայտնել այդ կանանց, որոնք հայ ազգի հարատեւման համար գնում էին այդ քայլին: Այդ 36 հազար ծնունդների մեջ ինձ համար նշանակալից են այն ծնունդները, որոնք ունեցան այդ կանայք»,-հուզվելով՝ վերհիշում է Ֆելիքս Գրիգորյանը:

ՀՀ վաստակավոր բժշկի կոչմանն արժանացած գինեկոլոգն ասում է, որ մանկան ճիչն ամենագեղեցիկ ձայնն է աշխարհում, որը լսելուց հետո անգամ մարդու մոտ տրամադրության միանգամայն փոփոխություն է լինում:
«Ոչ մի ծնունդ մյուսին նման չէ, նույնիսկ նույն կնոջ մոտ: Երբ լսում ես մանկան առաջին ճիչը, անմիջապես ցրվում է վատ տրամադրությունդ, եթե նույնիսկ այդ օրը շատ վատ ես: Ծնունդ ընդունել են Ստեփանակերտի մարզկոմիտեի շենքի նկուղում, երբ Ստեփանակերտը ռմբակոծվում էր: Ծնունդ ընդունել եմ տաքսի մեքենայի մեջ, հղի կինը ինքնաթիռում ուշագնաց է եղել, օգնություն եմ ցույց տվել: Ամենաէքստրեմալ պայմաններում ընդունած ծնունդներս եղել են մութ ու ցուրտ տարիներին: Այն ժամանակ ծնարաններում այնքան ցուրտ էր, որ երբ երեխան դուրս էր գալիս՝այնպիսի գոլորշի էր լինում, որ մի հատ փչում էին՝սեռը պարզելու համար»,-ասում է նա:

Ֆելիքս Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր բժշկի կոչմանն արժանանալուց բացի, Գյումրու պատվավոր քաղաքացի է, արժանացել է նաեւ «Գյումրու երախտավոր» կոչմանը:

Բժիշկ Գրիգորյանը հիշում է նաև դեպքեր, երբ զույգերը որոշում էին իրենց տղաներին՝ ի պատիվ իրեն անվանել Ֆելիքս:

«Նույնիսկ իմ անունով տղաները ունենում են թոռներ եւ էլի իրենց երեխաների անունները դնում են Ֆելիքս: Անձամբ չենք ճանաչում միմյանց, բայց երեխաները գիտեն, թե ինչու՞ է իրենց անունը դրվել Ֆելիքս։ Լինում են զույգեր, որ յոթ տարի երեխաներ չեն ունենում, հետո, երբ Աստծո կամոք ունենում են, մտածում են, որ բժիշկը դրա հետ կապ ուներ եւ այդպես անվանում են իմ անունով»,-եզրափակում է բժիշկը:

Աղբյուր՝ asparez.am