Սպորտ

34 տարի անց` կրկին Հայաստանում. Երևանում անցկացվելու է ֆուտբոլի միջազգային մրցաշար

Այս մրցաշարին, բացի Հայաստանի հավաքականից, մասնակցում են նաև մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի ու նաև աշխարհի առաջնություններում տոն պարգևող Պորտուգալիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների հավաքականները:

Նոյեմբերի 20-ին Երևանում վերջնագիծը կհատի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների միջազգային ընկերական մրցաշարը, որը ՈւԵՖԱ-ի կողմից համարվում է մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների 2019 թվականի Եվրոպայի առաջնության անցկացման գլխավոր փորձը: Վերջին անգամ Հայաստանում նման կարգի մրցաշար անցկացվել է 1985 թվականին, երբ մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների աշխարհի առաջնությունը անցկացվեց նախկին ԽՍՀՄ-ում:

Այդ ժամանակ A խմբի խաղերը, որում ընդգրկված էին Բուլղարիայի, Հունգարիայի, Կոլումբիայի և Թունիսի հավաքականները, անցկացվեցին «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում և Հոկտեմբերյանի (ներկայիս Արմավիր) «Հոբելյանական» մարզադաշտերում:

Ստացվում է, որ 34 տարի անց Հայաստանը հյուրընկալելու է խոշոր կարգի մրցաշար, որին մասնակցելու են մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների ուժեղագույն յոթ հավաքականները, գումարած կազմակերպիչ երկրի՝ Հայաստանի հավաքականը: Այս մրցումները ՈւԵՖԱ-ի ընթացիկ պահանջներին համապատասխան անցկացնելու համար Երևանում են ֆուտբոլի եվրոպական գերատեսչության բազմաթիվ աշխատակիցներ, ովքեր ուսումնասիրում են մեր ստադիոնները, ենթակառուցվածքները և էլի շատ այլ գործոններ, որոնք պետք է բավարարեն Եվրոպայի առաջնության անցկացման համար: Բնականաբար, ՀՖՖ համապատասխան բաժինների աշխատակիցներն էլ աշխատում են ամեն ինչ անել պահանջները բավարարելու համար:

Համենայնդեպս, դա նկատվում է միջազգային ընկերական մրցաշարի ընթացքում, որին, բացի Հայաստանի հավաքականից մասնակցում են մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի ու նաև աշխարհի առաջնություններում տոն պարգևող Պորտուգալիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների հավաքականները: Ընդ որում` Պորտուգալիայի հավաքականն այս տարիքային խմբում Եվրոպայի գործող չեմպիոնն է:

Նման մրցակիցների հետ խաղերում Հայաստանի Մ19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը մինիմալ շանսեր ունի` հաջողության հասնելու համար: Դա հասկանալի էր նույնիսկ մրցաշարի մեկնարկից առաջ: Բայց Արթուր Ոսկանյանի թիմի համար մրցելը նման հավաքականների հետ արդեն իսկ կարևոր է: Փորձ, վարպետություն և հոգեբանություն: Այս երեք կարևոր գործոնները հաստատուն են դառնում հենց նման խաղերում:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով