30 տարի անց բրիտանացի փրկարարները վերադարձել են Սպիտակ. BBC-ի անդրադարձը մեծ արհավիրքին

Սպիտակի գերեզմանոցում՝ տապանաքար տապանաքարի հետևից, ընտանիք ընտանիքի հետևից, և բոլորը մահվան միևնույն ամսաթվով՝ 1988թ. դեկտեմբերի 7: Օր, երբ տեղի ունեցավ երկրաշարժը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք հնարավորություն տվեցինք մարդկանց գոնե հուղարկավորել իրենց հարազատներին»,- ասում է Հայաստան վերադարձած բրիտանացի փրկարար Ռեջի Բերին՝ նայելով տապանաքարերին:

«30 տարի առաջ նա իր հրշեջ ընկերների հետ եկավ Հայաստան, որպեսզի օգնի մարդկանց, սակայն նրանց բաժին հասան միայն դիեր, շատ դիեր: 1988թ. դեկտեմբերի 7-ին Սովետական միության փրկարարական խումբը շտապեց Հայաստան: Նրանց թվում էին նաև 23 հրշեջներ անգլիական Լանքաշիր կոմսությունից՝ հրամանատար Փոլ Բյորնսի և հրշեջ Ռեջի Բերիի գլխավորությամբ: Նրանք այսօր կրկին Սպիտակում են»,- գրում է BBC-ն:
«1988թ. դեկտեմբերի 7-ին 19 րոպեում մինչև կեսօր տեղի ունեցավ սարսափելի երկրաշարժը. այն ոչնչացրեց Սպիտակ քաղաքն ու փլուզեց հազարավոր շենքեր հարևան քաղաքներում:

Երկրաշարժը սպանեց ավելի քան 25 հազար մարդու Սպիտակում, Կիրովականում (ներկայում՝ Վանաձոր), Լենինականում (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավանում և այլ քաղաքներում ու գյուղերում: ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովն այդ պահին այցով ԱՄՆ-ում էր: Նա կոչ արեց արևմտյան երկրներին օգնել սովետական Հայաստանին»,- հիշեցնում է հեռուստաալիքը:

«Միանգամայն անսովոր էր այն, որ Գորբաչովը միջազգային օգնության կոչ արեց, այն, որ արևմտյան փրկարարները հրավիրվեցին Սովետական միություն: Կարծում եմ՝ տեղաբնակները ևս ցնցված էին»,- հիշում է Փոլ Բյորնսը:

Իռլանդացի Բյորնսն ու այլ անգլիացիներ հավաքվեցին 2 օրում, տեխնիկա, բնականաբար, ունեին, ինչպես նաև ուտելիք, տաք հագուստ, փրկարարական իրեր:

«Իհարկե, մենք գալիս էինք՝ փրկելու մարդկանց: Սակայն երբ մենք հասանք, ակնհայտ էր, որ երկրաշարժի հզորության և ճանապարհին ուշացումների պատճառով մենք գալիս ենք՝ որոնելու մարդկանց մարմինները: Այդ օրերին Սպիտակում սարսափելի ցուրտ էր, և մենք հասկանում էինք, որ փլատակների տակ մարդիկ կան, և որ քիչ շանսեր այդ պայմաններում ողջ մնալու»,- հիշում է Ռեջի Բերին:

«Սակայն հույսը վերջում է մահանում: Լինում էին դեպքեր, երբ մարդկանց հանում էինք փլատակներից նույնիսկ 24 օր անց… Եվ այդ իսկ պատճառով հուսադրվում ես, որ ինչ-որ մեկին ողջ կգտնես»,- ասում է Փոլ Բյորնսը:

«Մենք հուսահատված և ճնշված էինք»,- ավելացնում է Ռեջի Բերին:

Բրիտանացիները հատկապես հիշում են, թե ինչպես էին արժանապատվորեն իրենց դրսևորում սպիտակցիները, որոնց հարազատները մնացել էին փլատակների տակ:

«Դագաղներն ամենուր էին: Մենք նույնիսկ ճաշում էինք՝ նստած դագաղների վրա, և դա անարգանք չէր զոհվածների հանդեպ, այդ դժոխքում դա այդպես չէր ընդունվում: Պարզապես՝ չկար ոչինչ, որի վրա կարող էինք նստել: Մենք միայն մտածում էինք, որ կարող ենք մահանալ: Ծնողները խնդրում էին հանել իրենց երեխաներին, երեխաների մարմինները»,- հիշում են բրիտանացի փրկարարները:

Սպիտակում բրիտանացի իր ընկերներին դիմավորում է Սամվել Մաթոսյանը: Այժմ նա տեղի մշակույթի տան տնօրենն է, իսկ 30 տարի առաջ Սպիտակի դպրոցներից մեկի տնօրենն էր:

Սամվելը հիշում է՝ ինչպես առաջին անգամ տեսավ բրիտանացիներին: «Ես նրանց ուղեկցեցի և տարա դպրոցների և մանկապարտեզների փլատակներով, որպեսզի դուրս բերեին երեխաների մարմինները»,- ասում է Սամվելը:

Իսկ ավելի ուշ բրիտանացիները մարդասիրական օգնություն ուղարկեցին Սպիտակ:

«Բրիտանացիները Հայաստանին օգնում էին ոչ միայն մարդկանց փրկելու հարցում, այլ նաև իրենց հետ տնակներ և այլ նվերներ էին բերում: Նրանք Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից իրենց գործընկերների հետ ոչ միայն պարզապես օրինակ էին ծառայում, այլ նաև օգնում էին Հայաստանում կամավոր փրկարարական ջոկատներ ստեղծելու հարցում»,- գրում է BBC-ն:

Մովսես Պողոսյանն այժմ ղեկավարում է Հայաստանում Կարմիր Խաչի գերմանական ներկայացուցչությունը, իսկ 1988թ. նա 33-ամյա գիտնական-ֆիզիկոս էր: Այդ օրերին Մովսեսը շատերի նման օգնում էր մարդկանց:

«Մենք լավ պատրաստված էին պատերազմական դեպքերին, սակայն այս դեպքում չունեինք այն ուժերը, որոնք արագ կարձագանքեին: Նման կազմակերպություններ մենք չունեինք:

Այդ երկրաշարժը հարված էր մեր երկրին: Այն հարված էր նաև «երկաթե վարագույրին»: Մենք հասկացանք, որ գերմանացիները, ֆրանսիացիները, բրիտանացիները, ամերիկացիները մեզ նման մարդիկ են, ովքեր ևս զգում են ցավը:

Այդ երկրաշարժը կոտրեց մեր մտածելակերպը, մեր համոզումը, որ «երկաթե վարագույրից» այն կողմ թշնամիներ են»,- հիշում է Մովսեսը:

Աղբյուր՝ mamul.am

Մեկնաբանել
Loading...