Մամուլ

2016թ. ընթացքում հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 13.4%-ով

2016թ. ընթացքում հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 13.4%-ով

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ կոլեգիայի ընդլայնված նիստ, որը նվիրված էր նախարարության 2016 թ. արդյունքների ամփոփմանը, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների քննարկմանը: Կոլեգիայի նիստին մասնակցում էին նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները և ղեկավարները:

Ողջունելով ներկաներին՝ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ նախարարության ձևավորման իսկ առաջին օրվանից հսկայական աշխատանք է կատարվել կառույցի կայացման գործում: Նախարար Տոնոյանի խոսքով՝ հանրային պահանջն օրեցօր աճում է և ձևափոխվում, նախարարությունը պետք է կարողանա բավարարել այդ պահանջները:

– Կարծում եմ՝ առավել մեծ ուշադրություն պետք է դարձվի քաղաքացիական պաշտպանության խնդիրներին: Արտակարգ իրավիճակների նախարարությունը առաջին հերթին կոչված է ոչ միայն արձագանքելու, այլև մեր երկրի անվտանգությունը և պաշտպանությունը ապահովելու,- եզրափակեց Դ. Տոնոյանը:

Նիստին հիմնական զեկույցով հանդես եկավ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:

Հիմնական զեկույցում ամփոփ ներկայացվեցին 2016 թ. ընթացքում նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, արձանագրված արդյունքները և 2017 թ. հիմնական անելիքները: Ներկայացնելով հաշվետու տարվա արտակարգ դեպքերի վիճակագրության պատկերը՝ ՓԾ տնօրենը նշեց, որ 2016թ. ընթացքում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 13.4%-ով, զոհերի թիվը նվազել է՝ 20%-ով:

Հանրապետության հանրապետական նշանակության ճանապարհներին ձմռան ամիսներին ձնաբքի հետևանքով արգելափակված քաղաքացիներին արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով 2016թ. հունվար-փետրվար ամիսներին, այնուհետև դեկտեմբերի 27-ից սկսած՝ ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալվել են ժամանակավոր շուրջօրյա հենակետեր:

Հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ-տակտիկական նախապատրաստման ուղղությամբ անցկացվել են հրամանատարաշտաբային, շտաբային, հատուկ տակտիկական և այլ բնույթի ուսումնավարժություններ: Մ. Ղազարյանի խոսքով՝ առավել կարևորվել են ՔՊ ստորաբաժանումների ստեղծման և զարգացման հիմնախդիրները:

«911» ծառայությունում ներդրվել է «911 SOS» ահազանգման հավելվածը և «911» ծառայություն՝ SMS-ի միջոցով տեղեկատվություն փոխանցելու համակարգը, ինչի շնորհիվ զգալիորեն պարզեցվել է հատուկ կարիքավոր մարդկանց օգնություն հայցելու գործընթացը:

Կոլեգիայի նիստի ընթացքում ԱԻ նախարարին զեկուցվեց այսօր՝ տեղական ժամանակով ժամը 10:17-ին, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքում գրանցված 3.9 մագնիտուդով երկրաշարժի մասին: Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Բ. Զաքարյանը զեկուցեց հետևանքների և կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ իրավիճակը լիովին վերահսկվում է:

Նախարար Տոնոյանը հետաքրքրվեց սեյսմիկ տվյալների գրանցման աշխատանքների մասին` հանձնարարելով ակտիվացնել մարզային փրկարարական վարչությունների և սեյսմիկ պաշտպանության տարածքային կառույցների համագործակցությունը:

Ամփոփիչ խոսքում ԱԻ նախարարը դրական գնահատեց նախարարության 2016 թ. Գործունեությունը՝ նշելով առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերը և տալով համապատասխան հանձնարարականներ:

Պարգևատրվեցին 2016 թ. լավագույն աշխատակիցները և ստորաբաժանումները

ԱԻ նախարարի հրամանով` պատվոգրերով և մեդալներով պարգևատրվեցին 2016 թ. ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարած և լավագույնը ճանաչված մի շարք աշխատակիցներ, ինչպես նաև՝ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ:

Պարգևատրվեցին նաև մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «արիության համաստեղություն» խորագրով հանրապետական փառատոնի տարբեր անվանակարգերի հաղթող աշխատակիցները: Նախարար Դ. Տոնոյանը պատվավոր լեյտենանտի կոչում շնորհեց ԱԻՆ սայլակավոր հաշմանդամ 4 աշխատակցի:

Կիսվել նյութով