Մամուլ

«Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում․ Փաշինյանի կողմնակիցները մեծ մասամբ ագրեսիվ են այլ կարծիքի նկատմամբ»

Հայաստանի ներկայիս ներքին քաղաքական կյանքի, աննախադեպ զարգացումների, դրանց հնարավոր հետեւանքների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի հետ: Վերջինս, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին, կարծիք է հայտնել, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Մուլտիպլիկատորն անդրադարձել է նաեւ հանրության շրջանում իշխող տրամադրություններին: Նա տեսակետ է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները մեծ մասամբ ագրեսիվ են եւ անհանդուրժող այլ կարծիքի նկատմամբ: Մեր զրուցակցի համոզմամբ` դա կարող է դառը պտուղներ տալ:

-Պարո՛ն Սահակյանց, ի՞նչ տպավորություն ունեք նոր կառավարության գործունեությունից: Ի՞նչն է Ձեզ ոգեւորում եւ ի՞նչը մտահոգելու առիթ տալիս:

-Երեւի վաղ է խոսել այդ մասին, քանի որ իմ տպավորությամբ խոսքը փորձնական, դեռ չկայացած կառավարության մասին է: Ուստի դժվար է որեւէ կարծիք կազմել: Որոշ դեպքերում կառավարությունը ճիշտ քայլեր է անում, որոշ դեպքերում` ոչ. ժամանակ է պետք:

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին ի՞նչ կասեք: Սպասու՞մ էիք նման զարգացման:

-Ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում, բայց բոլոր այդ գործողություններն արդարացված կլինեն, եթե միայն մեկ ուղղությամբ չիրականացվեն, եթե անձնավորման միտումներ չլինեն: Մարտի 1-ի դեպքերի հաշվով կան այլ խաղացողներ եւս, որոնք իրենց բաժին մեղքն ունեն, եւ անհասկանալի է, թե ինչու են միայն Քոչարյանի ուղղությամբ գնում: Էլի մեղավորներ կան: Կարծում եմ` Մարտի 1-ի դեպքերի հետ կապված իր մեղքի բաժինն ունի նաեւ այն ժամանակվա ընդդիմությունը` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի:

-Փաստորեն, Դուք համաձայն եք այն պնդումներին, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

-Այո՛, դա էլ եմ տեսնում: Ուղղակի ուզում եմ հասկանալ` այս ամենը մեզ ուր է տանելու, ինչի է հանգեցնելու: Դեռ կա անմեղության կանխավարկած, բայց շատ էքսպերիմենտալ ժամանակահատվածում ենք ապրում, առաջին հերթին դա է խնդրահարույց: Մտավախություն ունեմ, որ դա կարող է իր վատ հետեւանքներն ունենալ: Հույս ունեմ` այդպես չի լինի: -Իսկ հանրության տրամադրությունների մասին ի՞նչ կասեք: Այն էյֆորիան, որն առաջ եկավ հեղափոխության ժամանակ, անցե՞լ է, թե՞ դեռ ոչ:

-Կասեմ, որ «սիրո եւ համերաշխության» լոզունգը չի կիրառվում: Մարդիկ` հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, մեծ մասամբ շատ ագրեսիվ են եւ այլախոհներին հալածանքի են ենթարկում: Շատերը նույնիսկ վախենում են կարծիք արտահայտել: Այս մթնոլորտը ոչ մի լավ բանի չի բերելու: Չէ՞ որ բոլորն էլ իրենց տեսակետն արտահայտելու իրավունք ունեն: Չի կարելի էմոցիոնալ պոռթկումների ֆոնին ասել` Նիկոլը միանշանակ ճիշտ է, մնացածը` սխալ: Այդպես չէ: Ամեն դեպքում, էյֆորիան աստիճանաբար անցնում է եւ իր տեղն է զիջում վերլուծական մտքին: Հուսով եմ` այդ միտումը շարունակական կլինի, մարդիկ ավելի շատ կմտածեն, ոչ թե էմոցիաների ետեւից կգնան: Կոնստրուկտիվ դիալոգ ունենալու միակ ճանապարհը նորմալ մթնոլորտ ստեղծելն է: Չի կարելի առաջնորդվել «մեզ հետ չես, ուրեմն մեր դեմ ես» սկզբունքով: Այնինչ, այդ տրամադրությունը բավական արտահայտիչ է:

-Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք, ո՞րն է Ձեր ցանկությունը:

-Ուզում եմ, որ մարդիկ երեւույթների մասին դատողություններ անելուց առաջ մտածեն, ոչ թե միայն էմոցիաներին տրվեն: Ամեն դեպքում, ես լավատես եմ, հուսով եմ, որ իմ նշած խնդիրները կլուծվեն, եւ կստեղծվի առողջ մթնոլորտ:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով