Մամուլ

Քաղաքացին կառավարության մոտ բանջարեղենով, անչափահաս երեխայի հետ բողոքի ակցիա է իրականացնում

Քաղաքացին կառավարության մոտ բանջարեղենով, անչափահաս երեխայի հետ բողոքի ակցիա է իրականացնում

Կառավարության մոտ այսօր Արմավիրի մարզի բնակիչ Իշխան Միրզոյանը, որպես բողոքի ակցիա, իր՝ արդեն իսկ վաճառքի համար անպիտան բերքն էր բերել՝ ցուցադրելու: Միրզոյանը կառավարության մոտ իր 6-ամյա երեխայի հետ, քանի որ վերջինս, նրա խոսքով, իր խնամքին է մնացել: Միրզոյանի խոսքով՝ ոռոգման ջրի խնդիր ունի, իսկ պատճառն այն է, որ ինչ-որ մեկը, ով զբաղվում է ջրի բաշխմամբ, «թարսվել» է իր հետ:

«Ես վարձով եմ ապրում, խնամքիս ունեմ անչափահաս երեխա և հոգեկան խնդիրներ ունեցող քույր: Ուզածս ոռոգման ջուր է, ինչն արդեն մի քանի ամիս է՝ չեն տալիս: Մանվել Ֆիդանյանի հետ, ով ոռոգման հարցով է զբաղվում, ջրի բաշխման հետ կապված վիճեցինք, որից հետո հետս թարսվեց ու այլևս ինձ ջուր չի տալիս: Թանկ-թանկ սերմեր եմ գնել, խնամել, բերել հասցրել այս մինչև բերք, որ հիմա թափե՞մ: Դիմացը ձմեռ է՝ ի՞նչ եմ անելու, ինչո՞վ եմ ապրելու, տան վարձն ո՞վ է տալու»,-ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով՝ իր ձայնը ոչ ոք չի լսում՝ փորձել է հարցը բարձրացնել մարզպետի մոտ, քաղաքապետի մոտ, բայց խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել. «Սեխ, լոլիկ, սմբուկ, բիբար՝ ամեն ինչ ունեի, 5000 դոլար փող եմ կորցրել սրա հետևանքով: Թանկ-թանկ սերմեր եմ առել, որ սեզոնին վաճառեմ ու ապրենք, բայց հիմա ապրանքս փչացել է: Երկու օր առաջ էլ եկա կառավարության մոտ, մարզպետն եկավ ու ինձ ասաց՝ հարցերը կլուծենք: Դրանից հետո մի հոգի եկավ ու հողը նայեց, գնաց ու ձայն-ձուն չկա: Գնացի մարզպետարան, ասացին՝ ոչինչ անել չեն կարող»:

Միրզոյանը նշեց, որ գիշեր-ցերեկ պատրաստ է նստել կառավարության մոտ, մինչև խնդիրը լուծվի, քանի որ այլ ճար չունի:

Կիսվել նյութով