Մամուլ

Քաղաքացիներն արյուն են հանձնում բալետի արտիստի համար

Նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարի ենթարկված Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ Վահագն Մարգարյանը, հարազատների նախաձեռնությամբ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Նոյեմբերի 15-ին վաղ առավոտից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բազմաթիվ մարդիկ շարունակում են արյուն հանձնել Վահագն Մարգարյանի համար։ Նրանք հիմնականում Օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցներ են։ Սկզբունքորեն արյուն են հանձնում բոլոր ցանկացողները, սակայն թիվ 1 հիվանդանոցային համալիրի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը վստահեցրեց, որ այս պահին արյան խնդիր չկա՝ համալիրը ապահովված է արյան անհրաժեշտ քանակությամբ։

Շուշան Դանիելյանի փոխանցմամբ․ «Վահագն Մարգարյանը գլխուղեղի լուրջ վնասվածք ունի, փայծաղը հեռացվել է, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Նոյեմբերի 14-ի օրվա երկրորդ կեսից նկատվում է աննշան դրական դինամիկա»։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Չիպոլինո» ներկայացման պրեմիերան էր, որտեղ Վահագն Մարգարյանը գլխավոր դերակատարն է։ Նոյեմբերի 12-ին ներկայացումը հետաձգվեց, իսկ նոյեմբերի 23-ի ներկայացման ընթացքում Վահագն Մարգարյանի փոխարեն հանդես կգա Գարեգին Բաբելյանը։

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել նյութով