ԺամանցՄամուլ

Փողոցում առևտուր անողները ոստիկաններին Փաշինյանով են վախեցնում

ՀՀ ոստիկանապետը կարծում է, որ փողոցներում առևտուր անելն անթույլատրելի է և պետք է վերացվի։ Երևանի փողոցներում առևտուր անողները ոստիկանության աշխատակիցներին սպառնում են բողոքել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ոստիկանապետը կարծում է, որ առևտուրը փողոցներում անընդունելի է։ Նա վստահեցրեց, որ ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով, բայց քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները խոչընդոտում են ոստիկանների գործողությունները։

«Մենք հասկանում ենք, որ այդ հարցը սոցիալական ասպեկտ ունի, բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է առևտուր անեն Հանրապետության հրապարակում կամ կենտրոնական այլ փողոցներում», -ընդգծեց նա։ Ըստ Օսիպյանի` ոստիկանությունը հասարակության աջակցության կարիքն ունի, հատկապես Երևանի 2800-ամյակի տոնակատարության ու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման շեմին, երբ քաղաքում բազմաթիվ զբոսաշրջիկներ կան։

Փողոցներում առևտուր անելն արգելված է 2011 թվականից։ Մինչ «թավշյա հեղափոխությունը» բաց երկնքի տակ առևտրի դեմ ակտիվ պայքար էր մղվում, իսկ իշխանափոխությունից հետո քաղաքի փողոցներում կրկին բազում առևտրականներ են հայտնվել, որոնք մայթերը ինքնաշեն շուկաների են վերածել։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել էջում