Շոու-բիզնես

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան՝ «Մարգո»

«Comedy club» հաղորդաշարի եթերում կայացավ երգչուհի Իվետա Մուկուչյանի եռագրության առաջին մասի պրեմիերան, որը կրում է «Մարգո» խորագիրը։ Տեսահոլովակի ինչպես առաջին հատվածը, այնպես էլ ողջ եռագրությունը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։

Երաժշտական կոմպոզիտորը Իվետա Մուկուչյանն է եւ Բրեդ Քլերլին, գործիքավորումն իրականացրել է Պաբլո Մատեոն (Բեռլին), երաժշտական ձեւավորումն ու համագործիքավորումը` Դեիմոս Վիրգիլիտտոյի, միքս եւ մասթերինգն իրականացրել է Լեւոն Նավասարդյանը, հագուստների ձեւավորումը` Մարիաննա եւ Իվետա Մուկուչյանները, դիմահարդարումը եւ վարսահարդարումը` Մարիաննա Մուկուչյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է, պրոդյուսերներ` Ֆիլիպ Քաշմարեկ, Բրեդ Քլերլի եւ Իվետա Մուկուչյան։ Ողջ արտադրությունն իրականացրել է «Մուկուչյան փրոդաքշն»-ը։

Եռագրությունը ներկայացնում է Իվետա Մուկուչյանի անձնական պատմություններից հատվածներ, զգացողություններ, որոնք երգչուհու համար կարեւոր են այնքան, որ վերջինս ցանկություն է ունեցել ներկայացնելու նաև հանրության լայն շերտերին, իր երկրպագուներին։ «Այստեղ պատմություններ են ուժեղացող, ձեւավորվող մարդու մասին, ով թեև պարբերաբար մութ տեղեր է ընկել, դժվարությունների միջով է անցնել, բայց հաջողել է միշտ, կարողացել է վերին մի օգնությամբ ուժերը հավաքել ու դուրս գալ յուրաքանչյուր դժվարին իրավիճակից»,- նշում է երգչուհին։

Եռագրության առաջին հատվածը վերնագրված եւ նվիրված է Իվետա Մուկուչյանի տատին` մայրիկի մորը, ով մահացել մինչ Իվետայի ծնվելը։ Թեև նրանք հանդիպելու եւ շփվելու հնարավորություն չեն ունեցել, բայց այնպիսի աննկարագրելի կապ է ստեղծվել իր եւ Իվետայի միջև, որ բառերով դժվար է բնութագրել։ «Նա ինձ անսահման հարազատ մարդ է՝ իմ խիղճը, ճիշտ դատողության ուժը»։

Իվետա Մուկուչյանի խոսքերով` նա այս նախագծով ամենեւին ցանկություն չի ունեցել զարմացնել վոկալային տվյալներով, երաժշտական լուծումներով։ «Սա ավելի ճիշտ կլինի ասել իմ` արտիստական սրտի բաբախն է։ Ես ինձ հետագայում ավելի հանգիստ կզգամ գիտակցելով, որ այս ամենը պատմել եմ»։

Երգում միքսված է նաև փոքրիկ հատված, որտեղ Իվետան կատարում է Կոմիտասի «Հով արեք սարեր ջան» երգը։ «Սա գերմանացի պրոդյուսերների ցանկությունն էր, որ անձնական պատմությունը զուգադրվեր այլ երգի մի հատվածով, որն իր մաքրությամբ ու բնույթով եզակի է։ Պետք է ասեմ, որ ինձ համար այն կարծես  կատարսիս լիներ, մաքրագործում»։

Եռագրության երկրորդ եւ երրորդ հատվածները կներկայացվեն առաջիկայում եւ կապահովեն թեմայի ակտիվ զարգացումը։

Կիսվել նյութով