Մամուլ

«Վերջին դեպքերը վտանգում են այլակարծության ազատությունը». Արման Վեզիրյան

«Մարդը բարձրագույն արժեք է։ Նրա հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են»․ ահա այսպես է սկսվում ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը։ Ի հեճուկս օրենսդրական նորմերի` Հայաստանում հաճախ խախտվում են մարդկանց իրավունքները։ Խախտումների, դրանց հետևանքների կանխարգելման և այլ հարցերի մասին Bavnews-ը զրուցել է «Հելսինկյան ասոցացիա» հասարակական կազմակերպության մոնիթորինգային խմբի ղեկավար, իրավապաշտպան Արման Վեզիրյանի հետ։

-Պարոն Վեզիրյան, ի՞նչ եք կարծում Հայաստանում հիմնականում մարդու որ իրավունքն է խախտվում։

-Ես կարծում եմ, որ խախտվում են տարատեսակ իրավունքներ, բայց քանի որ մենք գրեթե ամեն օր բախվում ենք մի խնդրի, կցանկանայի բարձրաձայնել դրա մասին․դեռևս շարունակում է առկախ մնալ արդար դատաքննության, արդար դատավարությունների հարցը։ Մեր դատարանները անկախ չեն և, դրանով պայմանավորված, հաճախ լրագրողներին թույլ չեն տալիս ազատ լուսաբանել դատական գործընթացները, այնինչ, եթե լրագրողը լուսաբանում է տվյալ խնդիրը, այն  դառնում է հանրային, դատական համակարգը ինչ-որ չափով զգաստանում է, կայանում է քաղաքացիական վերահսկողության ինստիտուտը։

-Նախկինում խախտումները տեղի էին ունենում տեսալուսանկարահանման արգելքների, դատավորների քմահաճույքների տեսքով, արդյոք հիմա, հաշվի առնելով ներքաղաքկան դրությունը, իրավիճակը չի՞ փոխվել։

-Պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ, այո, կա դրական տեղաշարժ, արձանագրված դեպքերը քչացել են, բայց ամբողջապես չեն վերացել։ Իրավիճակը լավ է Երևանում, բայց մարզերում դեռևս շարունակում է մնալ բարդ։ Ի դեպ, այդպես են աշխատում ոչ միայն դատարանները, այլև Դատախազությունը։

-Պարոն Վեզիրյան, խնդրին նայենք նաև հակառակ տեսանկյունից, կա՞ն արդյոք իրավունքներ, որոք լիարժեքորեն պաշտպանված են Հայաստանում։

-Կարծում եմ նման իրավունքներ չկան, բայց ավելի քիչ խոցելի է ազատ արտահայտման իրավունքը, քանի որ երկրում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո մարդը կարողանում է ազատ խոսել իր ընտրության մասին։

-Բայց չէ՞ որ խոսքի ազատությունը միայն այն չէ, որ մարդը բարձրաձայնի մտածածի մասին, այլ այն, որ նա ազատ արտահայտվի,  և ասելիքը, ի վերջո, տեղ հասնի։

-Այո, իհարկե, հենց դա է խոսքի ազատությունը, այսօր մարդը կարող է արտահայտել որևէ գաղափար, բայց չկարաողանալ այն բացատրել, հիմնավորել և ըստ այդմ նա կարող է հրաժարվել այդ մտքից։ Այս առումով ամեն միտք պետք է տեղափոխվի գործնական տիրույթ։

-Վերջին օրերին, հնչեցրած որևէ միտք, որը չէր համապատասխանում մեծամասնության դիրքորոշմանը, ընդունվում էր սվիններով և քննադատաբար։ Արդյոք սա չի՞ վտանգում այլակարծության ազատությունը։

Իհարկե վտանգում է, նախընտրական քարոզարշավի օրերին, եթե դու դեմ էիր Իմ քայլը դաշինքին, մեխանիկաբար դեմ էիր ժողովրդին, իսկ եթե սատարում էիր Հանրապետականին, ուրմն դու թշնամի էիր։ Հեղափոփության իմաստը այն էր, որ մարդիկ սկսեին հարգել միմյանց դիրքորոշումները, չքակոծեին, ինչը, ինչպես տեսանք չեղավ։ Մենք պետք է ամեն կերպ հաղթահարենք այդ իրավիճակը։

-«Իրավունքի ուժ» հկ-ն  հարցում էր անցկացրել, որտեղ մարդկանց մեծ մասը ասում էր, որ ոտնահարված է մարդու աշխատանքի իրավունքը․ ինչպե՞ս կմեկնաբանեք այս դիրքորոշումը։

-Վստահաբար կարող եմ ասել, որ որոշակի չարաշահումներ այդ ոլորտում լինում են, բայց քանի որ մեր աշխատանքի տիրույթը այլ է, չեմ կարող բերել կոնկրետ օրինակներ։ Բայց ինչ հարց էլ լինի, մարդը չպետք է վախենա բարձրաձայնել և խոսել։

-Իսկ ինչո՞ւ չեն խոսում, արդյոք թույլ է զարգացած իրավագիտակցության մակարդակը։ Եթե այո, ապա դուք ձեր գործունեությամբ փորձո՞ւմ եք շտկել այս բացթողումը։

Վախենում են խոսել կամ էլ գիտեն, որ միևնույն է ոչինչ չի փոխվելու։ Մենք անում ենք ամեն ինչ, որ իրավիճակը դեպի լավը փոխվի։ Օրինակ, մի քանի օր առաջ կլոր սեղաններ էին կազմակերպել մարզերում, քանի որ ասացինք, որ այնտեղ է իրավիճակը վատ։ Գյումրիում, Վանաձորում կան հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, սակայն այդ առումով վատ է Սյունիքի վիճակը և մենք պլանավորում ենք այնտեղ էլ աշխատանքներ տանել։

-Մարդը, ով ունի խնդիր, բայց չգիտի ուր դիմել, կարո՞ղ է դիմել Ձեր հկ-ին և ստանալ համապատասխան օգնություն։

-Միանշանակ, կարող է, մենք ոչ միայն միջնորդ ենք հանդիսանում տվյալ մարդու և որևէ գերատեսչության միջև, այլև իրականացնում ենք անվճար իրավաբանական խորհրդատվություն, ուղղորդում ենք և բոլորը միտված են նրան, որ մեր քաղաքացիները լինեն պաշտպանված։

-Այսօր, մարդու իրավունքների պաշտպանության օրն է, ունե՞ք որևէ ասելիք մեր համաքաղաքցիներին․

-Ես ուզում եմ ասել, որ լավ կլինի, եթե ժողովուրդը լինի համարձակ, չլռի, բարձրաձայնի իր խնդիրների մասին, լինի հետևողական և պահանջատեր։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով