ՄամուլՏեսանյութ

Սյունիքի մարզում «Մարկոսյան հուշաղբյուր» կոչվող վայրում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սևակ Արզումանյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք տրավմատիկ շոկ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքի վիրահատարանում վիրահատության ժամանակ մահացել է։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Վ. Դաղունցի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Օհանջանյանն էր։\

Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, Գորիսի ոստիկանություն է մեղայականով ներկայացել նույն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Մայիսիկ Հակոբյանը, ով հայտնել է, որ ապրիլի 1-ին, ժամը 20։30-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց գյուղի «Մարկոսյան հուշաղբյուր» կոչվող վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռ. Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ ծեծի են ենթարկել իրեն և իր աներորդուն՝ համագյուղացի, 35-ամյա Էդուարդ Մարկոսյանին։

Մ. Հակոբյանը հայտնել է նաև, որ վիճաբանության ընթացքում ինքը իր մոտ եղած դանակով հարվածել է Ռ. Օհանջանյանի որովայնին և դիմել փախուստի։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս. Արզումանյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Քննիչի որոշմանբ Մ. Հակոբյանը ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության մասնակից անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Ասպուրակ Ավետիսյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ կասկածյալ Մ. Հակոբյանը ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ բերվեց դեպքի վայր, որտեղ նա ցույց է տալիս՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը և մատնացույց արեց այն վայրը, որտեղից հանցագործության գործիք դանակը ինքը նետել է Որոտան գետը։

Մ. Հակոբյանը քննչական փորձարարության ժամանակ մանեկենի վրա նաև ցույց տվեց՝ ինչպես է հարվածել Ռ. Օհանջանյանին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութի աղբյուր՝ shamshyan.com

Կիսվել նյութով