Մամուլ

Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ Նախագահի հանձնարարությամբ փետրվարի 17-ին ՀՀ անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն առաքվեց սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:

Օգնության տրամադրման կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՀայաստանիՀանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների, ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, սփյուռքի, տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ Նախագահի աշխատակազմի ջանքերով: Աջակցության նպատակն է ստեղծված իրավիճակում բարձրացնել հայկական համայնքի և Սիրիայի ժողովրդի դիմակայունությունը:

Մարդասիրական օգնությունը (շուրջ 20 տոննա սննդամթերք, պարենային իրեր, հագուստ և քնապարկեր, բժշկական պարագաներ և այլ իրեր) Սիրիա տեղափոխվեց ՌԴ ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով:

«Էրեբունի» օդանավակայանում այն ճանապարհեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևը:

Մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարելու անմիջապես Սիրիայի Լաթակիա քաղաք, այնուհետև, օգնության մի մասը` նախորդ խմբաքանակի որոշ մասի հետ միասին, կտեղափոխվի Սիրիայի երկրորդ քաղաք` Հալեպ:

– Մոտ 20 տոննա բեռ է, որը պարունակում է հագուստ, սննդամթերք և բժշկական պարագաներ: Բեռը տեղափոխվում է Լաթակիայի ռուսական ավիաբազա, որտեղից էլ ռուսական զինվորական պահակախմբի ուղեկցությամբ կտեղափոխվի Հալեպ, – լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը հավելեց նաև, որ տեղափոխվող իրերի պահանջարկը ձևավորվում է տեղի բնակիչների համապատասխան կարիքներից:

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հավասարաչափ բաժանվելու է բոլոր կարիքավորներին: Բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով դեռևս փետրվարի 14-ին Սիրիա էին մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության և սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստանից նույն ինքնաթիռով Սիրիա էր տեղփոխվել այս տարվա առաջին մարդասիրական օգնությունը:

Կիսվել էջում