Մամուլ

Սերժ Սարգսյանը դեռ մի քիչ էլ անտուն կմնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը դեռ մի քիչ էլ անտուն կմնա: Մեկ ամսվա ընթացքում կառավարության աշխատակազմը դեռ չի հասցրել կատարել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու և սոցիալական երաշխիքներ տրամադրելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը:

Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո կառավարության առաջին նիստում այդ գործը հանձնարարել էր իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղաջանյանը հայտնեց, թե այդ հարցում մի փոքր ձգձգումներ կան, և գործընթացը մեկ ամսից ավել կտևի:

«Ընթացքում են աշխատանքները, մի փոքր խնդիրներ կան իրականում, և այդ աշխատանքները ընթանում են: Հենց տարածքի ուղղությամբ են աշխատանքներ տարվում, մի քանի տարբերակներ կան: Իրականում տարբեր տեղերում կան տարբերակներ, նաև Մոնումենտում կան տարբեր տարբերակներ ոչ միայն մեկը, բայց աշխատանքներն ընթանում են»:

Ամեն դեպքում Աղաջանյանը ընդգծեց, որ մեկ բան հստակ է՝ հատկացված առանձնատունը Պռոշյանում չի լինի, և Սարգսյանն ու Փաշինյանը կդադարեն հարևաններ լինել. «Պռոշյանը քննարկման տարբերակների մեջ չի մտնում»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով