Մամուլ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը ազատ կարձակվի գրավի դիմաց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը դատարանի որոշմամբ՝ գրավի դիմաց ազատ կարձակվի: Նման միջնորդություն այսօր դատարանում ներկայացրել էր նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

«Այսօր ցավով տեղեկացանք, որ մեր հարգելի Արայիկ Խանդոյանը անժամանակ, սրտի կաթվածից մահացել է: Սույն գործով շարունակում են կալանքի տակ մնալ Պավել Մանուկյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը: Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը գտնվում են հացադուլի մեջ, երկուսի առողջական վիճակն օր օրի վատանում է, քանի որ մինչ հացադուլը նրանք ունեին բազմաթիվ առողջական խնդիրներ:

Պավել Մանուկյանը լուրջ վերականգնողական բուժման կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդում է Մանուկյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրել գրավի կիրառումը եւ առաջարկում 1 միլիոն ՀՀ դրամ գումար»,- միջնորդեց Պետրոսյանը:

Դատարանը երեկ ստացել էր նաեւ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն Մանուկյանն ունի մի շարք առողջական խնդիրներ: Պավել Մանուկյանը հուզված էր եւ դժվարությամբ էր արտաբերում բառերը: Նա նշեց հետեւյալը.

«Երկնակամարը մի փայլուն աստղ կորցրեց արդարության մի մարտիկ էլ կորցրեցինք․․․ 49 տարեկանից 30-ը անցկացրեց զենքը ձեռքին՝ սեփական ազգի համար պայքարելով»,- դժվարությամբ արտաբերեց Մանուկյանը:

Նա նաեւ նշեց,որ դադարեցնում է հացադուլը եւ նման կոչ արեց նաեւ Արմեն Բիլյանին: Բիլյանն իր հերթին ասաց, որ Խանդոյանի մահն անսպասելի ցավ էր, եւ հայտարարեց, որ ինքը եւս դադարեցնում է մեկ շաբաթ տեւած հացադուլը:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը չառարկեց գրավի միջնորդության դեմ: Դատարանը վերադառնալով՝ որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանը հանկարծամահ է եղել երեկ:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով