Մամուլ

«Սասնա ծռերի» անդամ Թորոս Թորոսյանի կալանքից դուրս գալու օրը մահացել է նրա միակ որդին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի՝ կալանքից դուրս գալու օրը՝ հուլիսի 13-ին, մահացել է նրա 23-ամյա որդին: Այս մասին նշված է խմբավորման ֆեյսբուքյան էջում։

««Սասնա ծռեր» խմբավորումը և Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը իրենց խորագույն ցավակցություններն են հայտնում «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թորոս Թորոսյանին, նրա տիկնոջը և բոլոր հարազատներին, նրանց միակ որդու` 23-ամյա Արման Թորոսյանի մահվան առիթով, որը տեղի է ունեցել երեկ` 13 հուլիսի երեկոյան, Արցախում, ավտովթարի հետևանքով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի ոստիկանությունը այս դժբախտ պատահարի մասին հայտնում է, որ հուլիսի 13-ին ժամը 20:20-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ 1977թ. ծնված Պ. Ս-ն, վարելով «ՎԱԶ 21213» ավտոմեքենան «Հին-շեն համայնքի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր նույն քաղաքի բնակիչ 1994թ. ծնված Ա. Թ-ն տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ նշված քաղաքի բնակիչներ՝ 1988թ. ծնված Գ. Թ-ն և 1966թ. ծնված Ա. Ա-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն։

Կիսվել նյութով