Քաղաքականություն

«Սասնա Ծռերը» պահանջում են Փաշինյանից պարզաբանել երեկվա իրենց հասցեին ուղղված ելութը

«2018 թ. նոյեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Արթիկ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներին ուղղված իր հայտարարության մեջ կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ և վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ»: Այս մասին ասված է «Սասնա ծռեր» կուսակցությունն այսօր տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ, դիմելով «Սասան ծռերին», ՀՀ վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանիը հայտարարել էր. «Դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»։

«Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը: Մինչ այդ՝ վերահաստատում ենք մեր աջակցությունը հեղափոխությանն ու նրա նպատակներին և շարունակում ենք պնդել, որ, մեր համոզմամբ, ներկայիս ընտրությունների պայմանները, մեր ազգի ու պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանցով պայմանավորված հասարակական-քաղաքական զարգացումների միտումները մոտավորապես մեկուկես-երկու տարի անց հանգեցնելու են նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության»,–ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել էջում