Մամուլ

Սաշիկ Սարգսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել․ Հայկ Սարգսյանը կալանավորված է

Ավարտվել է Սերժ Սարգսյանի եղբոր որդու Հայկ Սարգսյանի գործով նախաքննությունը։ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։ Ըստ քննչական կոմիտեի՝ դեպքը տեղի է ունեցել ավելի քան 10 տարի առաջ՝ 2007 թ․ ապրիլի 1-ին Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Կյաժ մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը։ Ժամեր անց ոստիկանություն է ներկայացել քաղաքացի Ա․ Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և ասել, որ այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնաս պատճառելով ընկերոջը։

2018թ․ հուլիսի 3-ին հարուցվել է նոր քրեական գործ, արդյունքում պարզվել է, որ Դավիթ Սիմոնյանի նկատմամբ նշված օրը կատարվել է սպանության փորձ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի կողմից։

Սարգսյանը կալանավորված է։

Սաշիկ Սարգսյանի մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանի անունը կապվում է Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու անցած տարի առևանգման ու ծեծի գործի հետ։

31-ամյա Նարեկ Սարգսյանը միջպետական հետախուզման մեջ է Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության գործով, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է այլ քրեական գործով։

Կիսվել նյութով