ԱշխարհՄամուլ

Ռուս գիտնականը դանակահարել է գործընկերոջը, որը բացահայտում էր իր կարդացած գրքերի վերջաբանները

Ռուս գիտնականին մեղադրանք է առաջադրվել մահափորձ իրականացնելու համար, երբ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է իր գործընկերոջը, որն անդադար բացահայտում էր այն գրքերի վերջաբանը, որոնք ինքը կարդալիս էր լինում:

Ինչպես փոխանցում է Oddity central-ը, խոսքը 55-ամյա Սերգեյ Սավիցկու և 52-ամյա Օլեգ Բելոգուզովի մասին է, որոնք 4 տարի միասին աշխատելիս են եղել Անտարկտիդայի Քինգ Ջորջ կղզու Բելինգշաուզեն ռուսական կայանում:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին: Գիտնականը դանակով հարվածել է իր գործընկերոջ կրծքավանդակին: Ինչպես նշվում է, սա Անտարկտիդայում տեղի ունեցած առաջին մահափորձի դեպքն է: Եվ այս միջադեպը կարող է պատմության մեջ գրանցվել ինչպես ամենատարօրինակներից մեկը, քանի որ քննիչների տվյալներով՝ կատարվածի հավանական պատճառն այն է, որ գործընկերը մշտապես խափանում էր գիտնականի ընթերցանությունը՝ բացահայտելով գրքի ավարտը:

Ռուսական մամուլի ներկայացմամբ՝ երկուսն էլ բավականին ընթերցասեր են՝ մեկուսի կղզում ժամանակը սպանելով բազմաթիվ գրքերի ընթերցանությամբ: Բելուգուզովին տեղափոխել են Չիլիի հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Նա այժմ կայուն վիճակում է և վերականգնողական բուժում է ստանում:

Կիսվել նյութով