Մամուլ

Ռոբերտ Քոչարյանն այսօր դիմելու է վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու իրեն կալանավորելու որոշումը

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր  Վերաքննիչ դատարան են ներկայացնելու երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ Այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Չեմ ցանկանում մանրամասնել հիմքերը, որով բողոքարկում ենք կալանավորման որոշումը: Այս պահին որոշ լրացումներ ենք կատարում, օրվա ընթացքում բողոքը կներկայացնենք Վերաքննիչ դատարան»,-փոխանցեց պաշտպանը:

Նա հավելեց, որ 1-2 շաբաթվա ընթացքում Վերաքննիչը կքննի իրենց ներկայացրած բողոքը:

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց:

ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում:

Կիսվել նյութով