ԺամանցՄամուլ

Ջավախքցի աղջիկը երազում էր Փաշինյանի հետ լուսանկարվել, պարզվեց՝ նրա տանն է ապրելու

Լարիսա Ղարսլյանը Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» մինչ օրս երազում էր վարչապետի հետ լուսանկար ունենալու մասին, նրանց տանն ապրելու մասին նույնիսկ ենթադրել չէր կարող: Օգոստոսի 9-ից նա 10 օրով կհյուրընկալվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը, հաղորդում է Jnews.ge-ն։

18-ամյա աղջնակը լսելով «Քայլ դեպի տուն» ծրագրի մասին, որոշել է անպայման մասնակցել, սակայն մինչև այսօր տեղյակ չի եղել, որ հազարավոր մասնակիցներից մեկին հյուրընկալելու պատրաստակամություն էր հայտնել վարչապետի ընտանիքը:

Լարիսան իրեն երջանիկ է համարում, որ բախտ է վիճակվել ապրել ՀՀ վարչապետի տանը: «Հենց որ զանգեցին ասացին, չգիտեի ինչ անեի, ուրախությունից թռվռում էի: Անկեղծ ասած տեղյակ չեմ էլ եղել վիճակահանության մասին: Մեծ անակնկալ էր: Վստահ եմ, շատ լավ ժամանակ եմ անցկացնելու», – ասաց Լարիսա Ղարսլյանը:

Վերջինս չի թաքցնում այն մեծ ուրախությունը և արդեն մտածում է, թե ինչ նվեր է տանելու, որ վարչապետին միշտ հիշեցնի Ջավախքն ու Վրաստանը: «Այդ 10 օրը շատ բան է փոխում, նախ օտար միջավայր, ինքնուրույն լինել, առավել ևս հյուրընկալվելու եմ վարչապետի տանը, ինձ համար մեծ պատիվ է, միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն», – նշեց Լարիսան:

Ջավախքի գողտրիկ անկյուններից մեկում բնակվող Լարիսա Ղարսլյանն այս տարի է դպրոցն ավարտել և ընդունվել է Իլիայի պետական համալսարան Թբիլիսիում, ընտրելով միջազգայնագետի մասնագիտությունը: Նա ստեղծագործում է, 10 տարի է պարով է զբաղվում:

Լարիսան երազում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարվելու և կրթությունն արտասահմանում, մասնավորապես Անգլիայում և Գերմանիայում շարունակելու մասին: Առաջինը շուտով իրականություն կդառնա բախտի բերմամբ, իսկ երկրորդին՝ ինքնուրույն է ձգտելու:

Աղբյուր՝ asekose.am

Կիսվել նյութով