Մամուլ

Չինաստանը Հայաստանին կնվիրաբերի շտապօգնության 200 մեքենա

Ինչպես հայտնում են  Bavnews.am-ին ՀՀ Առողջապահության նախարարությունից, առողջապահության ոլորտում ընթացիկ տարվա ամենից սպասված ներդրումներից մեկը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերելու ծրագիրն է։

Այս առթիվ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ. դեկտեմբերին։  Ծրագիրը զգալիորեն կնպաստի մեր երկրում, հատկապես` մարզերում, շտապօգնության ծառայության որակի բարելավմանը։

Կանխատեսվում է, որ շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի ընթացիկ տարում։ Չինաստանի կառավարությունն այս ծրագրի համար կներդնի 4,8մլրդ ՀՀ դրամ։

ԱՄՆ և ՀՀ կառավարությունների համագործակցությամբ իրականացվող դրամաշնորհային մեկ այլ ծրագիր միտված է մեր երկրի լաբորատոր ցանցի հզորացմանը։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ հզորացվել են առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս, ինչպես նաև Շիրակի և Տավուշի մարզային լաբորատորիաները:

Ընթացիկ տարում նույն ծրագրի շրջանակում կվերազինվեն Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային լաբորատորիաները: Ամերիկյան կողմն այդ նպատակով կներդնի 4մլրդ ՀՀ դրամ։

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013թ. կնքված համաձայնագրով 2017թ. շարունակվում են Սևանի բժշկական կենտրոնի կառուցման և Արտաշատի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները։

Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության մասնակցությամբ կիրականացվեն 837 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ։ Եվս 860մլն ՀՀ դրամ կներդրվի պետական բյուջիե միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի համար ժամանակակից սարքավորումների, բժշկական պարագաների և կահույքի ձեռքբերման համար։

Նշենք, որ նոր տեխնոլոգիաների ներդրման, հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև հիվանդանոցների արդիականացման և մարզային ամբուլատորիաների կառուցման ծրագրերն  իրականացվում են պետական և մասնավոր հատվածի, միջազգային վարկային և դրամաշնորհային միջոցներով։

2017 թվականին առողջապահության ոլորտում  42 ծրագրով  նախատեսվում է ավելի քան 25մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Այդ թվում` բազմաթիվ բժշկական հաստատություններ վարկային, տնտեսված կամ դրամաշնորհային միջոցներով կստեղծեն նոր ծառայություններ, կվերազինվեն ժամանակակից սարքավորումներով։

Կիսվել նյութով