Մամուլ

Ունենք նոր վերելակը հին «շախտայի» մեջ մտցնելու օրինակ, այնպես որ, Պետրոս Ղազարյանը, միգուցե մտածի ընտրարշավից դուրս գալու մասին

Երևանի մամուլի շենքում՝ մեկին մեկ չափերով տեղադրված է նոր վերելակ՝ հին  հորանի մեջ: «Քաղաքացիական պայմանագիր » կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը այսպես արձագանքեց Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Պետրոս Ղազարյանի հայտարարությանը, որ դուրս կգա ընտրարշավից, եթե իրեն բացատրեն, թե ինչպես 2 անգամ մեծ վերելակը կարելի է մտցնել հին «շախտայի» մեջ:

«Այդ հայտարարությունը, կարծում եմ, նա արել էր՝ տեսնելով Հայկ Մարությանի պրեզենտացիայի նկարները, որտեղ կողք կողքի են հին վերելակի ու նոր վերելակի նկարներ: Ես պաշտոնապես կարող եմ ասել, որ նոր վերելակը լուսանկարված է «Մամուլի շենքում», որտեղ մեկին մեկ, նույն չափերով վերելակ է տեղադրված հին  «շախտայի» մեջ ու այդտեղ որևէ խնդիր չափերի առումով չի առաջացել: Հետևաբար, Պետրոս Ղազարյանը, միգուցե արդեն մտածի ավագանու ցուցակից դուրս գալու մասին: Նման հայտարարություն անելուց  առաջ միգուցե պետք էր մտածել, որովհետև այն բացատրությունից հետո, որ տալիս եմ, եթե իր խոսքին տեր կանգնի, ուրեմն պետք է դուրս գա »:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու՝ ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Պետրոս Ղազարյանը, հայտարարելով, թե  այնպիսի անիրատեսական ծրագրեր է կարդացել, որոնք իրականանալու դեպքում  պատրաստ է դուրս գալ ընտրարշավից, բերեց «Իմ քայլը » դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ քարոզարշավին ներկայացրած լուսանկարի օրինակն ու հարցրեց. «Քանի որ Հայկ Մարությանը բանավեճի չի գալիս, խնդրում եմ իրեն հարցնել՝ ո՞նց է երկու անգամ մեծ լիֆտը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ. եթե նա կարողանա բացատրել՝ ես դուրս կգամ ընտրարշավից»:

Նաև Պետրոս Ղազարյանը հարց բարձրացրեց՝  ինչպես են մրցակիցները այդ ծրագրերն իրականացնելու, ինչ ֆինանսավորմամբ, քանի որ այդ ծրագրերի համար անգամ ԱՄՆ-ի բյուջեն չի բավարարի:
Վահան Կոստանյանը նաև պարզաբանեց, որ այն վերելակը, որը տեսել է Պետրոս Ղազարյանը ու պնդում է, որ 2 անգամ մեծ վերելակ է, նույն չափերի վերելակ է հին հորանի մեջ:

Դիտարկմանը, որ Պետրոս Ղազարյանը խոսում էր ոչ թե հին շախտաներից ու նոր վերելակներից, այլ շախտաներից 2 անգամ մեծ վերելակներից, ՔՊ մամուլի խոսնակն արձագանքեց՝ ասելով, որ նոր վերելակը Պետրոս Ղազարյանին, միգուցե մեծ է երևացել, քանի որ վերելակում տեղադրված է հայելի:

«Եվ բոլոր վերելակները, որոնք մենք պատրաստվում ենք փոխել, այդ վերելակների մրցույթը այնպես է հայտարարվելու, որ համապատասխանելու են հին «շախտաներին»»,-հավելեց Վահան Կոստանյանը:

Մրցույթին մասնակցող նման ընկերություններ կան, բայց դաշինքում չեն համարում, որ նախքան սեպտեմբերի 23-ը՝ Երևանի ավագանու ընտրությունները, իրենց համոզմամբ՝ մինչև Երևանի կառավարման դե յուրե ստանձնումը  ճիշտ է անուններ հնչեցնելը:

Պետրոս Ղազարյանը նշեց, որ նպատակահարմար չի համարում արձագանքել, միայն նկատեց. «Ես չեմ խոսել նոր վերելակը հին շախտայի մեջ մտցնելու մասին, ես խոսել եմ չափերի մասին»: Դիտարկմանն էլ, թե ՔՊ-ից պնդում են, որ վերելակի չափերը նույնն են, միգուցե հայելու պատճառով է այն մեծ թվացել, ԲՀԿ 2-րդ համարն ասաց. «Ես խոսել եմ նրա մասին, ինչ իրենք ցուցադրել են»:

Աղբյւր՝ tert.am

Կիսվել նյութով