Շոու-բիզնես

Ուզում եմ, որ երբեք որևէ մեկը չբաժանվի իր համար թանկ մարդուց. Գայանե Ավետիսյանի նամակը՝ Ձմեռ պապին

Ուզում եմ, որ երբեք որևէ մեկը չբաժանվի իր համար թանկ մարդուց. Գայանե Ավետիսյանի նամակը՝ Ձմեռ պապին

«Նամակ Ձմեռ պապին» շարքի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Գայանե Ավետիսյանը:

«Սիրելի Ձմեռ պապ, ամբողջ կյանքում հավատացել եմ քեզ՝ քո գոյությանը, եւ երբեւէ չեմ դադարի հավատալ, որ ամանորյա հեքիաթը հենց քեզնով է սկսվում: Ուզում եմ՝ ինչպես ամեն տարի, այս տարի եւս Ամանորի գիշերը գաս ու լցնես բոլորի սրտերը, եւ հատկապես այն մարդկանց սրտերը, ովքեր ունեն ջերմության, սիրո, համերաշխության ու ներդաշնակության կարիք:

Ուզում եմ, որ սեր տարածես ամբողջ աշխարհում, սեր դեպի ծնող, սեր դեպի հայրենիք, սեր դեպի կենդանիները, սեր դեպի փոքրիկները եւ առհասարակ, սեր ասվածը, որը գնալով պակասում է մեր կյանքում: Չէ որ, եթե կա սեր, բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի: Ուզում եմ, որ բոլոր այն մարդկանց սրտերը, ովքեր միասին չեն, բայց միասին են բաբախում, քո հրաշքով միացնես:

Ձմեռ պապ, ուզում եմ, որ ամբողջ աշխարհում եւ հատկապես մեր երկրում լինի բացարձակ խաղաղություն, որ մեր սահմաններին տնկված լինեն ծիրանենիներ՝ որպես խորհրդանիշ, եւ այդուհետ այդ ծիրանենիները պաշտպանեն մեր հայրենիքը, այլ ոչ թե զինվորները:

Ուզում եմ, որ կատարես բոլոր փոքրիկների երազանքները, հատկապես, եթե այդ երազանքները կապված են առողջության հետ:

Ձմեռ պապ, շատ եմ ուզում, որ քո ժպիտից մարդիկ սեր, համերաշխություն, առողջություն եւ լիություն վարակվեն: Ամենակարեւոր բանը, որ ուզում եմ 2018-ից, որ երբեք որեւէ մեկը չբաժանվի իր համար թանկ մարդուց. Ոչ ծնողը երեխայից, ոչ հարազատ մարդը իր բարեկամից, ոչ զինվորն իր սիրած աղջկանից, ոչ սիրող սիրտը իր սիրելիից:

Սիրելի Ձմեռ պապ, ես չեմ դադարի քեզ շնորհակալ լինել իմ հրաշք ընտանիքի, ֆիզիկական ու մտավոր առողջության համար, նաեւ շնորհակալ եմ բոլոր ձեռքբերումների եւ անկումների համար, որոնցից հետո ձեռքբերումներն ավելի հաստատուն են: Շնորհակալ եմ, որ ամեն առավոտ տեսնում եմ աշխարհի ամենագեղեցիկ բանը՝ արեւը: Այս ամենը բոլոր ժամանակների ամանորյա նվերներ են ինձ համար: Շնորհակալ եմ, որ բոլորի սրտերում դու կաս՝ որպես բարության խորհրդանիշ:

Կիսվել նյութով