Մամուլ

Ու՞մ թեկնածությունը կպաշտպանի Հրանտ Թոխատյանը Երևանի քաղաքապետի ընտրություններում․ «Հրապարակ»

Դերասան Հրանտ Թոխատյանին առաջարկ չի եղել որեւէ կուսակցությունից ընգրկվելու Երեւանի ավագանու արտահերթ ընտրության իրենց ցուցակում։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց Թոխատյանը՝ նշելով, որ ինքը պաշտպանելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը։

«Հայկ Մարությանն ունի աշխարհի ամենալավ մասնագիտութունը, եւ հետո, դա իր երկրորդ մասնագիտությունն է։ Առաջին մասնագիտությամբ ինժեներ է, ունի շատ լավ կրթություն, ունի շատ լավ մտավոր տվյալներ, եւ կարծում եմ՝ իր մեջի այդ սերը դեպի Երեւանը… Եթե չկա ինչ-որ հմտություն, կարծում եմ ձեռք կբերի անպայման»,-նշեց նա։

Թոխատյանի խոսքով՝ բոլոր թեկնածուներն են լավը, ինքը ոչ մեկի դեմ ոչինչ չունի․ «Բոլորն են լավը, ես որեւէ թեկնածուի դեմ ոչինչ չունեմ, որովհետեւ բոլորն էլ ունեն իրենց արժանիքները, բայց տվյալ դեպքում ես կարծում եմ, որ Հայկը իր պրոդյուսերական տվյալները կօգտագործի քաղաքը ղեկավարելու մեջ։ Հուսով եմ, որ իր մոտ ամեն ինչ լավ կստացվի։

Հարցին՝ ՔՊ-ի քարոզարշավին կմասնակցի՞, եթե նման առաջարկ ստանա, դերասանը պատասխանեց․ «Եթե ես Հայկ Մարությանին պետք լինեմ, ինքը ինձ կդիմի։ Մեծ հաճույքով կմասնակցեմ, ինչո՞ւ չէ»։

Առավել մանրամասը՝ օրաթերթի համարում։

Կիսվել նյութով