ՄամուլՍպորտ

Որոշեցի վերադառնալ. «Արարատ 73»-ի լեգենդար Սերգեյ Բոնդարենկոն 70-ամյակը նշեց Հայաստանում

Այսօր Հայաստանում իր ծննդյան 70-ամյակն է նշում հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ «Արարատ 73»-ի լեգենդար 7 համար Սերգեյ Բոնդարենկոն:

20 տարուց ավելի ԱՄՆ-ում բնակություն հաստատած Բոնդարենկոն երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ներգաղթել է Հայաստան: Այսօր նեղ ընկերական շրջապատում նշվել է Սերգեյ Բոնդորենկոյի 70-ամյակը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով լեգենդար ֆուտբոլիստն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր աշխատողի կոչման, իսկ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից պարգեւատրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆերդերացիայի ոսկե մեդալով, իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրան պարգեւատրել է ոսկե մեդալով:

Լեգենդար ֆուտբոլիստը համաձայնեց պատասխանել մեր հարցերին: Բոնդարենկոն մեր զրույցում ասաց, որ տեղափոխվելու նպատակով է վերադարաձել Հայաստան, այժմ բնակարանն է վերանորոգում: «Երկար կմնամ այստեղ, բայց երեխեքիս կարոտեմ, կգնամ երկու ամիս իրենց կտեսնեմ կգամ, ոչ թե գնալու եմ 10 ամիս մնամ: Հաշվեք, որ վերադարձել եմ»,- ասաց «Արարատ 73»-ի լեգենդար 7 համար Սերգեյ Բոնդարենկոն:

Մեր ճշտող հարցին, թե արդյոք այս որոշման վրա ազդել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, լեգենդար ֆուտբոլիստը պատասխանեց. «Ես եկել եմ Հայաստան, ես Հայաստանը սիրում եմ, նոր Հայաստան եմ եկել, ավելի ուրախ եմ, ես բոլորին էլ սիրում եմ: Որոշեցի վերադառնալ: Ես միշտ ժողովրդի, իմ ընկերների հետ եմ եղել»,-ասաց Սերգեյ Բոնդարենկոն:

Աղբյուր՝ armtimes.com
Կիսվել նյութով