Մամուլ

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Նիվան 130 մետր բարձրությունից բախվելով ապառաժ քարերին՝ գահավիժել և հայտնվել է ձորում. կան զոհեր

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Նիվան 130 մետր բարձրությունից բախվելով ապառաժ քարերին՝ գահավիժել և հայտնվել է ձորում. կան զոհեր

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 79 VR 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կարպի գյուղի վարչական տարածքում՝ Կարպիի ձորում, ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 130 մետր բարձրությունից գահավիժել և հայտնվել «Ավանգարդ» հանգստի գոտու հարևանությամբ գտնվող ձորում:

Վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի, որոնցից մեկը երեխա է, տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Ավանգարդ» հանգստի գոտում հանգստացող քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մահացածներին և վիրավորներին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ, սակայն պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի վարչական տարածքում և օպերատիվորեն ժամանել են նույն վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանն ու դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը և քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հարություն Գևորգյանը:

Վերջինս երեխային է ուղեկցել հիվանդանոց, ում վիճակը բժիշկները գնահատում են միջին բավարար:

Կիսվել նյութով