Մամուլ

Ո՞վ է Ձեզ թույլ տվել, պարոն Փաշինյան, առաջնորդին ոչ վայել ձևով արտահայտվել բարեկամ պետության ղեկավարների մասին

Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես Արցախի Հանրապետության քաղաքացի՝ երբևիցե չեմ մտածել, որ Հայաստանի ղեկավարը կարող է Լեռնային Ղարաբաղի հանդեպ ցուցաբերել այնպիսի կատաղություն, որը տեղի է ունենում այսօր:

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևիցե իրեն թույլ չի տվել արցախյան ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների նկատմամբ դրսևորել նման անհիմն հրապարակային գործողություններ: Ո՞վ է Ձեզ թույլ տվել, պարոն վարչապետի պաշտոնակատար, առաջնորդին ոչ վայել, արտահայտվել բարեկամ պետության ղեկավարների մասին: Մեր թշնամի երկրի ղեկավարը նույնիսկ նման բան իրեն թույլ չի տալիս:

Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն է ընտրել մեր Նախագահին, և պետական իշխանության մարմինները մրցակցային մակարդակի վրա են գտնվում: Ես ներկայացնում եմ Արցախի ժողովրդի մի մեծ մասի կարծիքը, ովքեր վրդովված են Ձեր պահվածքով և պահանջում են Ձեզանից իմանալ Ձեր տեղը և որտեղ են ավարտվում Ձեր լիազորությունները:

Դուք պարտավոր եք հրապարակայնորեն մեր ժողովրդից ներողություն խնդրել հասցրած վիրավորանքների և ազգային անվտանգության մակարդակի իջեցման համար: Հանդիսանալով թավշյա հեղափոխությունը Արցախում քարոզող ամենաակտիվ անձանցից մեկը՝ այս մի քանի օրերի ընթացքում, տարված լինելով նախընտրական քարոզչությամբ, դուք այնպես արեցիք, որ ինձ նմանները սկսեցին երես թեքել Ձեզանից և սիրո հեղափոխության գաղափարներից:

Սիրո և հանդուրժողականության գաղափարախոսության փոխարեն հնչում է միայն ատելություն այն բոլորի հանդեպ, ովքեր ինչ-որ հարցում Ձեզ հետ համաձայն չեն: Եղեք հանդուրժող և հետևեք ապրիլյան հեղափոխության ոգուն: Ինչ վերաբերվում է Արցախի ճակատագրին, իմացեք, որ մենք ինքներս ենք որոշելու ինչպես ապրել, ում ընտրել և պաշտել: Եվ Աստված չարասցե, որ ինչ-որ մեկը փորձի դրսից միջամտել և թելադրել մեզ ինչպես ապրել: Շարունակում եմ մնալ ապրիլյան թավշյա հեղափոխության կողմնակից»:

Share