Մամուլ

Նոր Ազգային ժողովում միայն ձևական ընդդիմություն է լինելու. Խոսրով Հարությունյան

Նոր խորհրդարանում միայն ձևական ընդդիմություն  է լինելու։ Այս մասին դեկտեմբերի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է 6-րդ գումարման ԱԺ–ի Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությանը հակակշռի բացակայության պայմաններում խոսել իրական ընդդիմության մասին տեղին չէ. «Հնարավոր է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կփորձի վերցնել ընդդիմության գործառույթները՝ հաշվի առնելով, որ այդ խմբակցությունում բավականին փորձառու պատգմավորներ կան։ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, ապա այն սկզբունքային հարցերում հանդես չի գա իշխանության դիրքորոշման դեմ»,–նշել է Հարությունյանը։

Նա հավելել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ քիչ ժամանակ էր հատկացվել, հակառակ պարագայում ՀՀԿ–ն կունենար բոլոր շանսերը խորհրդանում հայտնվելու համար։ «Եթե նախընտրական քարոզարշավը մի քանի օր էլ շարունակվեր, ապա ես վստահ եմ, որ ՀՀԿ–ն կհայտնվեր խորհրդարանում։ Նա առանց այդ էլ հրաշալի արդյունք ցույց տվեց, վարկանիշը 0-ից 4.7 տոկոսի հասցնելով։ Սա խոսում է այն մասին, որ կուսակցությունը ճիշտ մարտավարություն է ընտրել»,–շեշտեց Հարությունյանը։

Նա հավելել է, որ դեկտեմբերի 9-ին ընտրությունների անցկացնելը սկզբում ենթադրում էր ոչ թե քաղաքական, այլ հուզական նախընտրական պայքար. «Բոլոր քաղաքական ուժերի  մարտավարությունը կառուցված էր ՀՀԿ–ի որակազրկման վրա, բացակայում էր ծրագրային եւ գաղափարական պայքարը, նույնիսկ քաղաքական ուժերի առաջին դեմքերի մակարդակով»,–նշեց նա։  

Խոսելով դատական գործերին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հնարավոր միջամտության մասին՝ ՀՀԿ–ականը նկատեց, որ դատարանների կամ դատական համակարգի հասցեին ցանկացած հայտարարություն այսպես թե այնպես ազդում է վերջնական դատավճռի վրա։

Աղբյուր՝ news.am

Կիսվել էջում