ԱշխարհՄամուլ

Նիկոլ Փաշինյանի կինը և ԱԱԾ ղեկավարը Մոսկվայի Մեծ թատրոնում դիտել են «Գայանե» բալետը, 60 տարվա ընդմիջումից հետո

Գրեթե 60 տարվա ընդմիջումից հետո հուլիսի 24-ին Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ներկայացումը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Երևանի 2800 և մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 115-ամյակներին:

Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Բալետն ունկնդրել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Մինչ բալետի սկսվելը՝ ելույթով հանդես են եկել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

««Գայանե» բալետը մեծ սիրո, հավատարմության, ազնիվ և աշխատասեր մարդկանց պատմություն է: Հենց այդպիսին են այսքան տարիներ եղել հարաբերությունները: Իսկ Արամ Իլիչի հայտնի սուսերով պարը մեր ազգի անսասան ոգու, զգացմունքների պոռթկման, էներգիայի մարմնացումն է, որը բացառպես ուղղված է ստեղծարարությանը:

Եվ այսօր այդ պոռթկումն այս բեմում պետք է ոգեշնչի մեզ դեպի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ավելի ակտիվ, բազմակողմանի եւ խորը զարգացմանը», – ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը: Միջոցառման նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը եւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը:

Հոբելյանական բեմադրությանը մասնակցել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի եւ Աթանես Առաքելյանի գլխավորությամբ, թատրոնի բալետային խումբը, առաջատար մենակատարներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Մուրադյանը, Սյուզաննա Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը, թատրոնի մեկանակատարներ Սոնա Վարդանյանը, Վահագն Մարգարյանը, Ռազմիկ Մարուքյանը, թատրոնի բալետային խմբի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը: Նախագծի պրոդյուսերը Կարեն Խաչատրյանն է:

Կիսվել նյութով