Մամուլ

Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն ազատ է արձակվել. նա և թիկնապահն առերեսվել են

Armtimes-ը գրում է․ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկեր Սերոբ Սահակյանն ազատ է արձակվել:

Սերոբ Սահակյանն ու Վլադիմիր Շահինյանցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն էին բերման ենթարկվել Նարեկ Սարգսյանին օժանդակելու կասկածանքով:

Ըստ ԱԱԾ-ի՝ քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել և առգրավվել են կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով եւ այլ իրեր: Մեր տեղեկություններով, այս գործով Սերոբ Սահակյանն այժմ ոչ թե կասկածյալի այլ՝ վկայի կարգավիճակ ունի:

Օրեր առաջ սույն քրեական գործով իրավապահներին էր ներկայացել հետախուզման մեջ գտնվող Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը: Նա հունիսի 10-ին` Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Արտեմ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-ին մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, կրելը, կամ փոխադրելը) եւ ՀՀ ՔՕ 266 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից թմրամիջոցների իրացում): Սույն թեմայի շուրջ մեր հարցերին է պատասխանել թիկնապահի պաշտպան Հովիկ Արսենյանը:

– Պարոն Արսենյան, ձեր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ, ի՞նչ դիրքորոշում է հայտնել:

– Իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին՝ ներկայացրել է այլուրեքություն (ալիբի), փորձել է հիմնավորել, ապացուցել, որ առաջադրված մեղադրանքի հետ առնչություն մասնակցություն չունի: Տվել է մանրամասն ցուցմունք՝ ապացուցելով իր անմեղությունը:

– Ըստ ԱԱԾ-ի՝ Նարեկ Սարգսյանը Արտեմ Պետրոսյանի հետ մեկել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով: Ձեզ հայտնի՞ է որ երկրի մասին է խոսքը:

– Չմոռանանք, որ այդ թմրամիջոցներն ու զենք-զինամթերքը հայտնաբերվել և առգրավվել են հունիսի 25-ին, իսկ Նարեկ Սարգսյանը իր թիկնապահի՝ իմ պաշտպանյալ Արտեմ Պետրոսյանի հետ Հայաստանից մեկնել է հունիսի 22-ից, այսինքն՝ դեռևս նման մեղադրանքներ գոյություն չունեին: Միայն Մոսկվայում եղած ժամանակ հեռուստատեսությամբ Արտեմ Պետրոսյանին հայտնի է դարձել այս դեպքի մասին: Ինչից հետո վեճ է առաջացել Նարեկ Սարգսյանի հետ, ինքը հեռացել է նրանից ու կամովին ներկայացել է իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է որևէ արտասահմանյան երկիր մեկնելուն, ապա այդպիսի որևէ հանգամանք ինձ հայտնի չէ:

– Ասացիք, որ ձեր պաշտպանյալն ու Նարեկ Սարգսյանը վիճել են: Ձեր պաշտպանյալը տեղյակ եղե՞լ է, թե՞ ինչ կար այդ ճամպրուկների մեջ:

– Ամբողջ խնդիրը նրանում է, որ նա ընդամենը մտածել է, որ ամենօրյա օգտագործման հագուստներ են ճամպրուկի մեջ, այդպես է նա ենթադրել: Նույնիսկ հարցրել է՝ հո զիբիլ բան ման, արգելված իրեր չկա՞, Նարեկը պատասխանել է, որ ոչ նման բան չկա, այսինքն՝ ակնհայտ է, որ իմ պաշտպանյալը տեղյակ չի եղել ճամպրուկների պարունակության մասին: Ավելին պետք է ասեմ, որ երբ արդեն իրավապահ մարմինները այդ ճամպրուկները հայտնաբերել են և պարունակության մասին հայտնի է դարձել, հենց դրա շուրջ է, որ իմ պաշտպանյալը Նարեկ Սարգսյանի հետ վիճել է ու ասել, թե էս ի՞նչ պատմությունների մեջ ինձ գցեցիր և հեռացել է Մոսկվայից, գնացել Կրասնոդար և այդտեղից է ինձ հետ կապի մեջ մտել ու մի քանի օր անց ներկայացել իրավապահ մարմիններին: Թե Նարեկ Սարգսյանը Մոսկվայում քանի օր է մնացել, ո՞ւր պետք է գնար և այլն, բնականաբար, չէր կարող իմանալ:

Նյութն ամբողջությամբ՝  armtimes.com-ում։

Կիսվել նյութով