ՄամուլՔաղաքականություն

«Մեր այսօրվա ուղերձը հստակ է: Մենք պետք է հաղթենք:»․ Արմեն Սարգսյան

Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արեւելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շարքը:

Միջոցառմանը Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է Հայաստանի առաջին հանրապետության դերին ու նշանակությանը, կարեւորել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը, խոսել հզոր ու զարգացած երկիր ունենալու մասին, որով աշխարհի բոլոր հայերն իրենց հպարտ կզգան:

«Մեր այսօրվա ուղերձը հստակ է: Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի, որով բոլորս հպարտ կլինենք ու աշխարհում մեզ հպարտ կզգանք, որ հայ ենք»,- մասնավորապես նշել է նախագահը:

Ընդունելությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի` ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած մի քանի հարյուր անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Աղբյուր` 168.am

Կիսվել նյութով