Մամուլ

«Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք». Դեմոյանը՝ Փաշինյանին

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել՝ իր պաշտոնավարման շուրջ սկսված վերջին օրերի աղմուկի մասին.

«ՈՐՈՇ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՎՏԱՆԳԱՎՈՐԻ ՈՒ ԱՆԴԱՌՆԱԼԻԻ ՄԱՍԻՆ

Այսօր վերընթերցում էի երեկվա իմ գրառմանն ի պատասխան ներկայացված տեսակետերն ու կարծիքները: Կարող եմ ասել, որ արձագանքները 40-60 հարաբերակցությամբ հօգուտ Արայիկ Հարությունյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի էին: Բայց պարտության դառնությունը չէ որ պատեց ինձ, այլ սոսկումի այն զգացումը, որ ընդդիմախոսների այդ 60-ի ավելի քան 80 տոկոսը փաստարկման հիմնական ձև ու եղանակ ընտրել էր փողոցային ամենավերջին հայհոյախոսությունները, լուտանքներն ու անեծքի ժանրը:

Ու մի պահ պատկերացրեցի, որ հենց այս վիրտուալ խառնամբոխը մոտ ապագայում կարող է դառնալ թելադրող ու պահանջող գերակա այն գործոնը, որի առկայության պարագայում իշխանության եկած ցանկացած նոր ուժ պարտավորված կզգա բավարարելու ու հարգելու «հաց ու զվարճանքներ» պահանջողների կարիքները: Պարո´ն Փաշինյան, Իր բնույթով աննախադեպ ու պատմական ժողովրդական շարժման ու Նոր Հայաստանի կերտման հենքը սրանք չէ որ պիտի կազմեն:

Այս պահին Դուք պատմություն կերտողի կարգավիճակ ու հեղինակություն ունեք և քչերը կարող են հերքել կամ ժխտել դա: Օգտագործե´ք պատմական այս բախտորոշ ու կարճաժամկետ պահը, բացառելու համար այս զանգվածի տիրապետող դիրքեր գրավելու և որպես թելադրող ուժ հանդես գալու հեռանկարը: Վստահ եմ, որ կանխազգում եք այս վտանգը, որը կործանարար հետևանքներ կարող է ունենալ բոլորիս համար: Հակառակ պարագայում կգա ոչ թե ոգու սով, այլ սովյալ ոգիների խրախճանքների ժամանակը…

Մեր պետականության ու հասարակության համար մեծագույն շքեղություն կլինի նոր բաժանարար գծեր քաշելը: Արտագաղթի արդյունքում արնաքամ եղած ու վտանգված մեր պետությունը բավական մարդկային ռեսուրսներ չունի, որպեսզի «յուրային-ոչ յուրային» հայտնի սխեմայով մերժենք սրան կամ նրան, այսինչի կամ այնինչի պատճառով:

Որպես փորձառու քաղաքական գործիչ, կարծում եմ, որ Ձեր քաղաքական գիծը տանելիս կգտնեք այն ոսկե միջինը, որի արդյունքում պետության շենացման ու հզորացման գործին կլծվեն մեր երկրի բոլոր կարող ուժերը: Արդյունքում կշահենք բոլորս, վստահեցնում եմ Ձեզ… Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք»:

 

Կիսվել նյութով