Մամուլ

Մենք մարտի 2-ի ողջ օրը փնտրել ենք նրան. Ես եղել եմ Երևանի բոլոր մորգերում. Մղձավանջային օրը երբեք չեմ մոռանա

Մարտի մեկի հետ կապված դառնությունը կրկին լցվեց մի բաժակի մեջ․․․ Ուզենք-չուզենք՝ պիտի խմենք, ուզենք-չուզենք՝ պիտի հիշենք, ուզենք-չուզենք այն ցավը, որ մեր մեջ մխացել է, պիտի բռնկվի․․․ Նոր ցավը, երբ գլուխ է բարձրացնում, ավելի ծանր է լինում։

Մարտի մեկի գործը փորձության դաս է Նիկոլ Փաշինյանի համար։ Բնական է, եթե այն չհասցվի տրամաբանական ավարտին, հանրությունը խորը հիասթափություն կապրի։ Հիասթափությունն ավելի կսաստկանա, երբ հանրությունը զգա, որ քաղաքանությունը վերքը բուժելու փոխարեն ասեղի պես փորփրում է այդ վերքը․․․

Այս փոքրիկ գրառումները կամբողջացնի հանրության սպասումը․

Արթուր Խեմչյան․ «Քրոջս որդին 2008-ի մարտի 1-ին հրազենային վնասվածք էր ստացել դեմքին։ Կադրերը շատերը կհիշեն․․․ Մենք մարտի 2-ի ողջ օրը փնտրել ենք նրան։ Ես եղել եմ Երևանի գրեթե բոլոր մորգերում… Մղձավանջային օր էր, որը երբեք չեմ մոռանա․․․ Հիվանդանոցներից ասում էին, որ նման անունով մարդ չկա իրենց մոտ։ Հետո պարզվեց, որ իր անունը ճիշտ չի ասել, որ չտեսնեն իրեն էդ վիճակում ու անհանգստանան։ Հետո շատ երկարատև բուժում անցավ… վիրահատվեց ԱՄՆ-ում․․․ Երբ այսօր լսեց, որ Քոչարյանին կարող են կալանավորել, ասաց. «փշաքաղվեցի, հավատս չի գալիս․․․» Մենք բոլորս ենք փշաքաղված` ես, քույրս, բոլորս․․․»։

Ալլա Հովհաննիսյան․ «Չեմ հավատում որ այս օրը եկել է, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սիրելի ժողովրդին, որ 10 տարի պայքարեցին, հաղթեցին, որ երբեք մեզ միայնակ չթողեցին, որ չմոռացան Մարտի 1 զոհերին, որ ստիպեցին ռոբերտ քոչարյան հանցագործին պատասխան տալ իր հանցագործության համար, ես ձեզ սիրում եմ, շատ կարոտել եմ»։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել նյութով