Մամուլ

«Մենք բոլոր այդ հնարավորությունները կորցրինք, որ հագուրդ տրվի Նիկոլ Փաշինյանի խոստումներին». Վոլոդյա Հովհաննիսյան

Քաղաքագետ Վոլոդյա Հովհաննիսյանը մտահոգված է՝ Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելը Հայաստանին մի շարք հնարավորություններից զրկում է:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Վոլոդյա Հովհաննիսյանը վրդովվեց. «Դաշնակիցներին ՀԱՊԿ քարտուղարությունն ապահովում է զինատեսակներով և հատուկ տեխնիկական միջոցներով մատակարարելու գործընթացը: ՀԱՊԿ-ը նաև տեխնիկական օժանդակություն է իրականացնում ՀԱՊԿ անդամ երկրներում, մենք կորցրինք նաև դա: Մենք բացի մեր սեփական կադրերի պատրաստումից մեծագույն մասով կադրեր ենք պատրաստում նաև ՌԴ-ում:

Մշակվում են գործողությունների և հավանական ռազմական բախումների կանխարգելման պլանները: Մենք կորցրինք այդ հնարավորությունը: Մենք այդ ամենը կորցրինք, որ հագուրդ տրվի Նիկոլ Փաշինյանի խոստումներին»: Վոլոդյա Հովհաննիսյանը վստահեցրեց՝ մարտի 1-ին բանակը ոչ մի փամփուշտ չի կրակել: Դառնալով Յուրի Խաչատուրովի մեղադրանքին՝ Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց. «Յուրի Խաչատուրովին նսեմացնելով՝ վիրավորում եք արցախյան ազատամարտի մասնակիցներին:

Դա արվում է, որ ծածկվի, կոծկվի այն հրաման տվողը, որը հրաման է տվել, որ ներքին զորքերի, բանակի և խաղաղ բնակիչների, շենքերի վրա կրակեն: Յուրի Խաչատուրովը կատարել է իր պաշտոնական պարտականությունները՝ համաձայն կանոնակարգի»: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հորդորեց գոնե մեկ անգամ հանգիստ թողնել Ռուսաստանին. «Երբ դու ինքնիշխան երկրի անունից որևէ քայլ ես անում, պետք է հստակեցնես, որ այդտեղ կան տարբեր շահեր ունեցող կողմեր:

Ծիծաղելի կլիներ, եթե ՀՀ կողմից քայլերը, դրա ծանրությունն իր վրա վերցնի մեկ այլ պետություն: Ռուսաստանն անում է երևի թե ամենաանհրաժեշտը, որ չզարգացնի ներքին կոնֆլիկտը, որ կա ՀԱՊԿ-ում և վերջապես իր շահից է բխում, որ ինչպես եղել է մինչ այդ, ՌԴ ներկայացուցչի ձեռքում լինեն բոլոր գործողությունները»: Ըստ նրա՝ պետք է ոչ այնքան պարտվողի կամ հաղթողի դերակատարությունը վերցնել, այլ դասեր քաղել:

Դառնալով «Սասնա ծռերի»՝ Արցախում նոյեմբերին համաժողովի իրականացմանը, Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց. «Ցանկացած մարդ, ով զենք է վերցրել, իրավունք չունի հայի վրա զենք բարձրացնել: Իսկ «Սասնա ծռերը» ոչ միայն հայ սպայի են սպանել, այլ հայկական պետականությունն են ոչնչացրել: Ժիրայր Սեֆիլյանը հայրենիք է պաշտպանել: Ավելի հերոս կերպարներ կան: Խոնարհվում եմ Սեֆիլյանի, Արայիկի, Պավլիկի առաջ, բայց պետականության դեմ զենք վերցնելն ինձ համար ընդունելի չէ:

Եթե փորձում են Ղարաբաղում ինչ-որ գործողություններ անել, դրանով թուլացնում են Ղարաբաղի պետականությունը: Ավելի շատ քաղաքական ցինիզմ է դա, քան իրական արդյունք: Չի կարելի Ղարաբաղը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ»: Լարիսա Ալավերդյանը այս հարցի կապակցությամբ ասաց. «Ցանկացած մուտք Արցախ, պետք է տեղի ունենա Արցախի Հանրապետության իշխանությունների հետ բանակցելուց հետո: Ահա այստեղ է ինձ համար մեխը: Առայժմ առկախ է Ժիրայր Սեֆիլյանի`ՀՀ քաղաքացի լինելու հարցը:

ՀՀ քաղաքացի չհանդիսացող որևէ մեկը և ամենահերոսը իրավունք չունի կազմակերպել քաղաքական որևէ գործողություն կամ լինել ղեկավար մարմնի անդամ»: Դառնալով Սամվել Մայրապետյանի ձերբակալությանը՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Եթե որևէ մեկը գիտի, թե ինչու է նա ձերբակալված, թող ասի, քանի որ ինքը տեղյակ չէ: Ուղղակի առանձին վերցրած այդ գործով ցավոք մնում են նույն քաղաքական միտումները: ՀՀ նոր իշխանությունների հանդեպ նոր պիտակ կարող է աշխատել՝ ընտրովի արդարադատություն»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել նյութով