Մամուլ

Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում․ փաստաբան

Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում: Նման հայտարարություն է արել Մանվել Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը: «Նրա հիվանդությունները անհամատեղելի են կալանքի հետ: Սա դասական խոշտանգման օրինակ է»,- ասել է փաստաբանը`հավելելով, որ պետական լիազոր մարմինները բավական ուշադիր են իր պաշտպանյալի նկատմամբ, վերջինս քիմիոթերապիա ստանալու հնարավորություն ունի, նաև այլ հատուկ միջամտություններ էլ են տեղի ունենում: Այս ամենով հանդերձ, ըստ փաստաբանի, բժիշկն ասում է, որ Մանվել Գրիգորյանին արգելված է գտնվել նման վայրում:

«Ավելին ասեմ. մենք նման օրինակներ ենք ունեցել՝ Հաց բերող (Արթուր Սարգսյան), Սողոմոն Քոչարյան, որոնք դասական խոշտանգման հետևանքով մնացին անազատության մեջ եւ մահացան»,- համեմատություն արեց Լևոն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում ԱԱԾ-ն հատուկ օպերացիա էր իրականացրել և բացահայտումներ արել: Ըստ այդմ, հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, զինվորներին ուղարկված սննդի մի մասը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու համար։ Հայտնաբերվել էին նաև մեծ քանակությամբ զենք-զինամթերք, թանկարժեք մեքենաներ, զինվորների համար նախատեսված հագուստ, նամակներ։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է:

Փաստաբանն անդրադարձավ նաև դատարանների ծանրաբեռնվածության խնդրին: Նա կարծում է, որ դատարանների ծանրաբեռնվածությունն ազդում է դատավորների կայացրած վճիռների վրա։ «Ժամանակին ես բազմիցս եմ բարձրաձայնել` դատարանները գտնվում են գործադիրի կոշիկի տակ: Այսօր, ուղղակի գործադիրի կողմից ցուցում է տրված դատարաններին արդարադատություն իրականացնելիս լինել բացառապես անկախ:

Բայց ես կարծում եմ, որ դա բավական քիչ է։ Չի կարող դատավորը իրականացնել արդարադատություն, երբ իր վարույթում կան հազար և ավելի գործեր։ Պատկերացնո՞ւմ եք, օրական քանի՞ գործ պետք է լսի դատավորը, քանի՞ հրապարակում պետք է անի և քանի վճիռ պետք է գրի։ Նման պայմաներում դատարանը չի կարող իրագործել այն խնդիրը, որին կոչված է»,- ասել է Լևոն Բաղդասարյանը: Լևոն Բաղդասարյանը համամիտ չէ նաև մեկ ընդհանուր իրավասության դատարանի գոյության հետ: Ասում է` դրա բացասական արդյունքն այսօր իր վրա կրում է մեր քաղաքացին. «Հարյուրավոր, հազարավոր գործեր կան, որ վարույթ են ընդունվում դատարան մուտք անելուց մեկ ամիս հետո, իսկ վճիռների հրապարակումից մեկ ամիս անց կողմը կամ փաստաբանը չի կարողանում ստանալ։

Անհրաժեշտ է օր առաջ կրճատել դատավորների վարույթի տակ գտնվող գործերը, դրանից հետո նոր պահանջել դատավորներին իրականացնելու արդարադատություն, հակառակ պարագայում ունենալու ենք ձևական դատական համակարգ»: Փաստաբանի համոզմամբ, կոռուպցիայի մեջ թաղված դատարանը պակաս վտանգավոր է գերծանրաբեռնված և անորակ դատական ակտերով դատարանից։

Աղբյուր՝ Aravot.am

Կիսվել նյութով