Մամուլ

Մանվել Գրիգորյանը 10-ից ավելի հիվանդություն ունի, այդ թվում՝ քաղցկեղ, միջնորդել ենք ազատել կալանքից. պաշտպան

Ապօրինի ռազմամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող  ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի նշանակած փորձաքննության արդյունքները հայտնի են:

Այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ իրենց կասկածներն ապացուցվել են և Մանվել Գրիգորյանը ծանր հիվանդություններ ունի:

«Տասից ավելի հիվանդություն ունի Մանվել Գրիգորյանը, այդ թվում՝ թոքի քաղցկեղ, շաքարային դիաբետ և այլն: Իմ կարծիքով՝ Մանվել Գրիգորյանի ունեցած հիվանդություններն անհամատեղելի են կալանավորման պայմանների հետ, թե ինչ կասեն այս առումով գործը հսկող դատախազը և ինչ որոշում կկայացնի դատարանը դեռ կիմանանք»,-ասաց Մկրտչյանը:

Հարցին, թե Մանվել Գրիգորյանի խափանման միրջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվելո՞ւ է դատարան, Արսեն Մկրտչյանն ասաց, որ միջնորդություն արդեն ներկայացվել է, նիստի օրը դեռ հայտնի չէ:

Դիտարկմանը, թե Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո հանրային հնչեղություն ստացած գործերով բոլոր կալանավորվածները խոշոր չափի գրավի դիմաց ազատ են արձակվել, սոցիալական հարթակներում դիտարկումներ կան, որ միայն Մանվել Գրիգորյանն է կալանավորված, ինչո՞վ են դա պայմանավորում պաշտպանները, Արսեն Մկրտչյանն ասաց, որ այդտեղ երկու պատասխան կա: «Նախ հարցի հասցեատերը ես չեմ, և երկրորդ՝ զուգահեռներ  անցկացնելը գուցե և տեղին չէ, որովհետև տվյալ դեպքում մենք գործ ունենք Արցախի հերոսի հետ, իսկ վերջին շրջանում Արցախի հերոս կալանավորված չկա»,-ասաց Մկրտչյանը:

Դիտարկմանը, թե Արցախի հերոս Սամվել Բաբայանն է ազատ արձակվել, Մանվել Գրիգորյանի պաշտպանն ասաց.«Բայց նոր իրավիճակում կալանավորված Արցախի հերոս չկա: Խնդիրն այն է, որ ես որևէ դժգոհություն չեմ կարող հայտնել վարույթն իրականացնող մարմնից կամ դատախազից: Իմ տպավորությամբ՝ հերոսների խաչն ավելի ծանր է լինում, քան սովորական մահկանացուներինը: Հուսանք,որ ամեն ինչ իր ժամանակին կստանա իր արժանի գնահատականը»:

Հիշեցնենք, որ  Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով