Մամուլ

Մանկատան սաները տեսնելով տոպրակի մեջ 2 նորածիններին՝ այնքան են հուզվել, որ նրանցից մեկը վատացել է, շտապ օգնություն են կանչել․ Մանրամասներ

Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաներն այս պահին առողջ են ու ապահով։ Նրանք հատուկ հաստատություններից մեկում են։ Այս մասին հայտնեց Շիրակի մարզպետարանի երեխաների, կանանց և ընտանիքի իրավունքների բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19:30-ին hաստատության պահակը` Մնացական Առաքելյանը, գիշերօթիկ դպրոցի բակում դեղին տոպրակ է տեսել։ Քամի չի եղել, բայց նա նկատել է, որ տոպրակը շարժվում է։ Պահակը բացել է ու տեսել, որ տոպրակում 2 նորածիններ են։ Բացի պահակից, երեխաներին անմիջապես տեսել են ինչպես հաստատության աշխատակիցները, այնպես էլ սաները:

«Հաստատության համար աշխատանքային ժամ էր, և բոլոր դաստիարակներն այդ ժամին հաստատությունում էին, աշխատանքային պրոցեսի մեջ: Կենտրոնական մուտքը բաց էր: Պահակը երեխաներով տոպրակը բերեց ներս ու զանգեց ինձ»,-Պատմեց հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը:

noratsin

Տնօրենն անմիջապես զանգել է ՀՀ ոստիկանության անչափահասների բաժին։ Տեղեկացվել են նաև Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը և համայնքի հոգաբարձության ու խնամակալության մարմինը: Համապատասխան գործողություններն իրականացնելուց հետո երեխաները տեղափոխվել են մեկ այլ հաստատություն: Մեր այն հարցին, թե ինչ վիճակում էին երեխաները հայտնաբերվելու պահին, Կարապետյանն ասաց, որ մաքուր հագուստներով էին, նույնիսկ նոր փոխված տակդիրներով ու կուշտ:

«Երեխաները խնամված էին։ Մեզ մոտ գործընթացը մոտ 2 ժամ տևեց, իսկ նրանք շատ հանգիստ էին, ուտել չէին ուզում: Առաջին հայացքից երկվորյակ եղբայրներ են, նրանցից մեկը բավականին ակտիվ էր, մյուսը քնած էր: Շապիկներ, տոտիկներ կային նրանց հագին ու փաթաթված էին: Նույնիսկ նորածիններին բնորոշ կարմիր հետքեր չունեին մաշկի վրա: Հավանաբար մոտ 12-14 օրական էին»,- ասաց տնօրենը։

anahit karapetyan

Նրա խոսքով` հագուստից կարելի էր ենթադրել, որ անտարբերության մատնված երեխաներ չեն եղել։ Ի դեպ, տոպրակում ոչ մի գրություն ու երկտող չի եղել: Թեև այդ ժամին բոլորը հաստատությունում արթուն են եղել, բայց ոչ մեկը չի նկատել, թե ով է երեխաներին բերել. խնամքի հաստատությունը տեսագրող սարքեր չունի: Երեխաների խնամքի և պաշտպանության հաստատության տնօրենը վստահեցնում է՝ թեև աշխատանքի բերումով շատ ճակատագրերի ու դեպքերի է հանդիպել, բայց այս մեկը բոլորովին այլ էր:

«Ոչ միայն մենք` մեծահասակներս էինք հուզված, այլ նաև սաներն էին լաց լինում, գալիս էին, ուզում էին սիրել ու տեսնել երեխաներին, բայց ամենավատ վիճակում պահակն էր ու մեր սաներից մեկը` 17 տարեկան տղան, որը, փորձելով հուզմունքը թաքցնել, բավական վատ վիճակում հայտնվեց, և նրա համար նույնիսկ ստիպված էինք շտապօգնություն կանչել»,- ասաց Կարապետյանը:

noracin

Թե ինչու են երեխաներին բերել հենց այդ հաստատություն, այս պահին կարելի է միայն ենթադրել. ավելի ապահով է: Հաստատ տնօրենն ուրախ է, որ երեխաները շուտ են հայտնաբերվել ու երկար չեն մնացել դրսում:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով