Մամուլ

«Մամ ջան, դժոխքը հենց էստեղ է՝ մեր զորամասում»․ Արցախում առեղծվածային պայմաններում զոհված Գևորգի հարազատների բացահայտումները (Տեսանյութ)

«Առավոտ»-ը գրում է․ Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել հոկտեմբերի 1-ին Մարտունիի վաշտերից մեկում զոհված գյումրեցի ժամկետային զինծառայող Գևորգ Հարոյանի քեռին՝ Արմեն Բեգլարյանն ու ընկերները՝ Սամվել Խաժակյանն ու Արամ Հովհաննիսյանը։ Արմեն Բեգլարյանն ասաց․

«Եթե իրենք հայտարարում են, որ Գևորգն ինքնասպան է եղել, եթե իրենք կարողանում են այդպիսի բան հայտարարել, ուրեմն պաշտպանության նախարարը պետք է պիստալետը դնի իր ճակատին ու իրեն խփի։ Ո՞վ է թույլ տվել, որ բացարձակ անտեղյակ են՝ ի՞նչ է կատարվում զորամասերում, ո՞վ է պատասխանատու։ Ես ինքս մտել եմ զորամաս, ոչ մեկը տեղյակ չէ ինչ է կատարվում, ով ինչի համար է պատասխանատու։ Ոչ մեկը պատասխան չի տալիս, սպանության ժամանակ ոչ մեկը չի եղել կողքին, ոչ մեկը չի տեսել, սերժանտը տեղում չէ, պագոնավորներից ոչ մեկը իր պարտականությունները չի արել։

Ահավոր վիճակ է, կարող ենք ասել բարդակ է, ցանկացած զինվոր կարող է փամփուշտ վերցնի ու իրենց հարաբերություններն այդպես պարզի։ Մեր ձեռքերով սարքած գաղութ է, էլի եմ կրկնում, սա միայն իմ ցավը չէ, սա ազգային ցավ է ու Գևորգս պիտի սպանված վերջին տղան լինի։ Չպիտի լինի այնպիսի դեպք, որ մի երեխան երկու անգամ փոսը փորի, շատ աշխատի ու վնասվի ու 100 դոլար ուղարկենք մի սպայի, որ ասենք՝ մեր երեխային լավ պահի։ Մենք հայ ենք, մենք մոնո ենք, մեր մեջ չկա թալիշ, լեզգի, մեր միակ թշնամին թուրքն է։ Բայց մենք մեր ձեռքով ստեղծել ենք բանակ․․․

Ձեզ՝ լրագրողներիդ, տանում, զորամասերով ֆռռացնում են, ցույց են տալիս, թե ինչքան լավն է բանակը, բայց մենք գիտենք՝ ինչ է կատարվում բանակի մեջ։ Մենք պիտի մեզ մաքրենք, սպաներն արդեն զզվել են, այնքան են զանգել հեռախոսներին, որ էլ չեն վերցնում, սաղ զանգում են սալդատի համար է, մի մարդ կա՞ մեր ազգի մեջ, որ չունի բանակի հետ կապված մարդ, խնդիր, մի հատ նայենք էլի մեզ, ինչի՞ ենք մեզ խաբում»։

Արմեն Բեգլարյանն ասաց, որ Գևորգի հուղարկավորության ժամանակ կողքի շենքի հարևանուհին, որի երեխաները բանակում են ծառայում, այնքան է լացել ու ներշնչել, որ տուն գնալով՝ մահացել է, մյուս հարևանը վատացել է։

«Սա բոլորիս ցավն է, հասկանո՞ւմ եք, եթե իրենք ասում են, որ սա ինքնասպանություն է, ուրեմն մենք մեր երեխաներին ուղարկում են ինքնասպան լինելու։ Ու հանգիստ ասում են՝ սպանվեց, գնաց․․․ Մի երեխու կյանքն աշխարհ արժի, մեր երեխեքից շատերը թուրքերից չեն մահանում, ոչ պաշտոնական վիճակագրությունը վերցրեք։

Ոչ մեկը զորամասում չի իմանում՝ ինչ է կատարվում, գլխավոր պատասխանատուներն այն մարդիկ են, որոնք նստած են նախարարությունում։ Էդ ինչպե՞ս է, որ մենք եկեղեցիներ ենք սարքում, ճանապարհներ ենք սարքում, իսկ մեր զինվորները կռիսների հետ են ապրում, տանում ենք, որ դուխաթափ լինեն»։

Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

https://youtu.be/lTw_Dp8YSyc

Կիսվել նյութով