Մամուլ

Հրդեհի և պայթյունի հետևանքով մեծ վնաս է հասցվել Դիլիջանի թունելին. այն ժամանակավորապես փակ կլինի (լուսանկարներ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում՝ Դիլիջան-Երևան ուղղությամբ շարժվելիս այրվել է բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա։

tunel

Հրդեհը ուղեկցվել է պայթյունով։ Դեպքի վայրից հայտնեցին, որ տուժողներ չկան, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։ Միջադեպի առաջին վայրկյաններին տեղում հերթապահող ճանշինի աշխատակիցներն արագ արձագանքել են, թունելից տարհանվել են բոլոր մեքենաները, մուտքերը՝ փակվել։

tunel2

Ուժեղ ծխի պատճառով ԱԻՆ աշխատակիցները հնարավորություն են ունեցել մոտենալ թունելին միայն Դիլիջանի կողմից և հանգցնել կրակը։ Հրդեհը հասցրել է տարածվել նաև թունելի օդափոխության համակարգում: Հրդեհի արդյունքում մեծ վնաս է հասցվել թունելին: Նշենք, որ մեքենան բեռնված է եղել հեռուստացույցներով և լվացքի մեքենաներով։

tunel1

Թունելը անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակ է, առաջիկայում այն փակ կլինի նաև վերանորոգման նպատակով։ Վարորդներին առաջարկվում է երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։

Կիսվել նյութով