Քաղաքականություն

Հրապարակվել է համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը․ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները ազատ կարձակվեն

Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Համաներում է հայտարարվում Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ:

Նախագծի հոդված 2-ում նշվում են համաներման կիրառման շրջանակները: Նախատեսված է համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել` առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց, այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց, համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին

2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց

3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց

4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց.

5) 60 տարին լրացած անձանց:

Օրենքը կտարածվի հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Համաներում կլինի այն անձանց նկատմամբ, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն, ինչպես նաև այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների ամուսին, զավակ կամ ծնող են եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Նախատեսված է համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձեւով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց, որոնք դատապարտվել են

1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը

2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը:

Օրենքի նախագիծը սահմանում է այն, որ համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար հետևյալ դեպքերում`

1) առավելագույնը հինգ տարի ժամկետով զատազրկման դատապարտված անձանց.

2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը կրած անձանց:

Նախագիծն ամբողջությամբ՝ parliament.am

Կիսվել նյութով