ԺամանցՄամուլ

«Հոպա՛ր, մեզ ատոմային ռումբ է պետք». Փաշինյանի հետ զվարճալի դեպք պատահեց զբոսանքի ընթացքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երևանյան զբոսանքի ընթացքում զվարճալի դեպք պատահեց։ «Հոպա՛ր, մեզ ատոմային ռումբ է պետք»․ Երևանի փողոցներում զբոսնող վարչապետին տեսնելով` բացականչեց մի տղամարդ։ Արամ Մանուկյանի արձանի բացումից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել էր ոտքով զբոսնել մինչև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։

Ամիրյան փողոցում նրան անսպասելիորեն մոտեցավ մի տղամարդ ու տարօրինակ խնդրանք հայտնեց։ Տղամարդուն հաջողվեց ծիծաղեցնել վարչապետին, սակայն վերջինս չպատասխանեց նրան։ Նիկոլ Փաշինյանի թիկնապահների հարցին, թե ինչի համար է նրան ատոմային ռումբ հարկավոր, տղամարդը խառը պատասխան տվեց, սակայն կցկտուր արտահայտություններից դատելով` հիմնականում նա ուզում էր վրեժ լուծել թուրքերից։

Սրանով վարչապետի փողոցային արկածները չավարտվեցին։ Ամբողջ ճանապարհին Փաշինյանին քաղաքացիների բազմություն էր շրջապատում, նրանք հույս ունեին վարչապետի հետ սելֆի անել։ Հանրապետության հրապարակ կայարանի մոտ մի խումբ կանանց վերջապես հաջողվեց սելֆի անել, նրանք բղավեցին` մեռնեմ ջանիդ ու վախեցրեցին կողքի քաղաքացիներին։

Վարչապետը հայ հասարակության շրջանում աննախադեպ սեր է վայելում։ Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հասարակության մի մասը նրան ազատարար է համարում։ Նա բաց չի թողնում քաղաքացիների հետ շփվելու հնարավորությունն ու երբեմն զբոսնում է քաղաքի փողոցներով, ճիշտ է ` թիկնապահների ուղեկցությամբ։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով