ՄամուլՔաղաքականություն

ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը` քաղաքականություն վերադառնալու դեպքում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու դեպքում Դաշնակցությունը չի բացառում նրա հետ համագործակցությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:

«Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք համագործակցել: Բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցել, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ»,- նշեց Հ. Մարգարյանը: Նա հայտնեց, որ Ռ. Քոչարյանի կողմից համագործակցության առաջարկ ՀՅԴ-ին չի եղել:

«Դաշնակցությունը» ևս մտադիր չէ նման առաջարկ անել: Հարցին՝ հաշվի առնելով 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերը՝ ՀՅԴ-ն հնարավոր համարում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Ես «Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ սեփական դատողություն չունեմ: Ես գիտեմ, որ դեպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով: Եվ այդ 10 զոհերը, անկախ նրանից, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է: Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ է փաթաթված, Ռոբերտ Քոչարյանի վզին էլ, դա այդպես պետք է նայել: Կարևոր չէ, թե ով է կրակել, կարևոր է, թե այդ երևույթն ով է ստեղծել»:

Ըստ նրա՝ «Մարտի 1»-ի ամենամեծ դասը բոլորի համար այն էր, որ 2018 թ.-ին այլևս բարիկադներ, մահակներ ի հայտ չեկան, այլ «ձեռքերը վեր շարժում» ստեղծվեց:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով