Մամուլ

«ՀՀ երկրորդ նախագահը կփորձի իր շուրջը համախմբել բոլոր նրանց, ովքեր Փաշինյանի հետ նույն ճանապարհով չեն գնա». Վիգեն Հակոբյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն արտահերթ ընտրություններում, նրա կողմից ստեղծվող կոալիցիան ձևական նոր առաջնորդի կարիք ունի, Sputnik ռադիոկայանի թղթակցին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Օգոստոսի 16-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։ Նա պնդեց, որ իր վերադարձն անհրաժեշտ է, որովհետև Հայաստանի նոր իշխանությունը ոչ ադեկվատ ձևով է արձագանքում երկրի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպեց վարչապետության 100-օրյա գործունեությունն ամփոփելու համար։

Հակոբյանի խոսքով` օրեր առաջ տեղի ունեցած հանրահավաքի ձևաչափն ու նպատակը մեկն էր` ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս ցույց տալ, որ ժողովուրդն աջակցում է Փաշինյանին։

«Ցույց տալ, որ իր շուրջը համախմբվածություն կա։ Սա կարևոր է և՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ որոշ աշխարհաքաղաքական խաղացողների հետ տարաձայնություններ կան, և՛ ներքաղաքական տրանսֆորմացիայի տեսանկյունից։

Քոչարյանի վերադարձով ընդդիմադիր դաշտ է ձևավորվում, որը, ի դեմս ՀՀԿ-ի, կար զուտ ֆորմալ առումով», — ասաց Հակոբյանը։Նրա խոսքով` Քոչարյանի վարկանիշը մեծ չէ։ Նա այն քաղաքական գործիչներից մեկն է, ով հասարակության մեջ ամենաքիչ դրական ընկալումն ունի։ Սակայն դա չի նշանակում, որ նրան չի հաջողվի համախմբել հասարակության այն սակավաթիվ հատվածին, որը չի ընդունում այսօրվա իշխանություններին։

«Նրա փորձն ու ռեսուրսները (ֆինանսական, ներքին և արտաքին քաղաքական) թույլ կտան համախմբել քաղաքական դաշտի այն հատվածին, որն ապրիորի ընդդիմություն է ներկայիս իշխանության նկատմամբ (ՀՀԿ-ին), և այն հատվածին, որը շուտով կհամոզվի, որ Փաշինյանի հետ նրանց ճանապարհները բաժանվում են», —նշեց Հակոբյանը։

Ապագա ընտրությունները զտիչ դեր կունենան, պատահական մարդիկ, որոնք այսօր կան կառավարությունում, իրենց ճանապարհով կգնան։ Եվ այդ ճանապարհը, քաղտեխնոլոգի կարծիքով, Քոչարյանին ավելի մոտ կլինի։

Կմիանան նաև նրանք, ովքեր ի սկզբանե դժգոհ էին ընթացիկ փոփոխություններից կամ հիասթափվել են Փաշինյանի իշխանության գալուց հետո։

Ընդ որում, ընտրվելու առումով անձամբ Քոչարյանի հնարավորությունները չափազանց քիչ են։ Նա կարող է աջակցել ընդդիմադիր միջուկի ստեղծմանը, բայց նրանց պետք կլինի մեկ այլ, ավելի հայտնի թեկնածու, որի նկատմամբ հասարակությունը քիչ թե շատ չեզոք վերաբերմունք ունի։

«Գուցե նոր դեմքեր լինեն։ Սակայն պրագմատիկ տեսանկյունից, նույնիսկ նման ռեսուրսներ և դրսից աջակցություն ունենալով, անձամբ Քոչարյանի` ընտրություններում հաջողության հասնելու շանսերը քիչ են», — ասաց Հակոբյանը։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով