Մամուլ

Հիմա ինչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թիմ է եկել. Հրազդանի քաղաքապետ

«Առաջին լրատվական»-ը գրում է․ Այսօր կառավարության նիստում վերջնականապես փոփոխվեցին և նշանակվեցին բոլոր մարզպետները։ ՀՀԿ-ական մարզպետները գնացին, սակայն ՀՀԿ-ական քաղաքապետները չեն շտապում և հայտարարում են, որ իրենք շարունակելու են աշխատել և որևէ խոչընդոտ չեն տեսնում այլ քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ աշխատելու մեջ։ Նման հայտարարություն մեզ հետ զրույցում արդեն արել է Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը, այսօր էլ՝ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը։

Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը։

-Պարոն Դանիելյան, լուրեր կան, որ Դուք պատրաստվում եք հրաժարական տալ։ Ճի՞շտ է։

-Չէ, այդպիսի բան չկա։ Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Ինչի՞ համար հրաժարական տամ։

-Մարզը նոր մարզպետ ունի, նա այլ քաղաքական թիմի անդամ է։ Ինչպե՞ս եք նրա հետ պատկերացնում Ձեր աշխատանքը։

-Լավ էլ պատկերացնում եմ։ Մարզպետի աշխատանքը այլ է, քաղաքապետի գործառույթները՝ ուրիշ։ Մենք իրար հետ համատեղ կաշխատենք օրենքի սահմաններում։

-Այսիքն՝ որևէ խոչընդոտ չե՞ք տեսնում քաղաքական այլ թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքում։

-Քաղաքական թիմի փոփոխությունն ինչ կապ ունի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի, գործունեության հետ։ Քաղաքական թիմը կարող է տարին մեկ, երկու տարին մեկ փոխվել, Իսկ ՏԻՄ մարմինները իրենց գործառույթներն ունեն՝ ըստ օրենքի։ Ինչքան էլ որ քաղաքական թիմ փոխվի, ՏԻՄ մարմինը չի փոխվի, որովհետև ընտրված մարմին է և կարող է փոխվել միայն ընտրություններով։ Բնականաբար մարզպետն ու քաղաքապետը պետք է իրար օգնեն, որպեսզի այդ քաղաքում առկա խնդիրները լուծում ստանան։

–Իսկ Ձեր դեպքում այդ համագործակցությունը հնարավո՞ր է, քանի որ նոր մարզպետը Սասուն Միքայելյանի մտերիմն է, իսկ Դուք և Սասուն Միքայելյանը վաղեմի քաղաքական հակառակորդներ եք։

-Ճիշտ է, ինքը Սասունի թիմի անդամն է, բայց դե մեկը մյուսի հետ կապ չունի, կապ չեմ տեսնում։ Մենք կարող ենք իրար հետ աշխատել և բարօրություն բերել քաղաքին։ Ինչի մասին է խոսքը։ Մրցակցությունը դա ընտրական մրցակցություն է, մենք, այո, քաղաքական մրցակիցներ էինք, բայց ընտրությունը վերջացել է և մենք իրար համաքաղաքացիներ ենք, իրար հետ ճանապարհ ենք գնում, իրար բարևում ենք։ Հայաստանում այնքան քաղաքական խնդիրներ կան, որ ընտրությունների ժամանակ են ծագել։ Հիմա ինչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թի՞մ է փոխվել։

-Իսկ նոր մարզպետի հետ Ձեր հարաբերությունները ինչպիսի՞ն են։

-Ես մարզպետի հետ հանդիպել եմ, խորհրդակցություն է եղել և խնդիր չեն տեսնում նրա հետ աշխատելու մասով։

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով