Մամուլ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը հրաժարական է տվել

Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, ով ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը:

Ըստ սահմանված կարգի՝ դիմումը կուղարկվի Հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատման համար, որից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով պետք է ընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրեն:

Հանրապետության նախագահը գտնում է, որ երրորդ հանրապետության ծնունդից ի վեր Հիմնադրամը կարևոր ու օգտակար ծրագրեր է իրականացրել՝ իր շուրջը համախմբելով ազգային եւ հոգևոր կառույցների, բարերարների և հարյուր հազարավոր անհատների: Ուստի, Հիմնադրամը դեռեւս առաքելություն ունի իրագործելու Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի կյանքում:

Սակայն պարզ է նաև, որ Հիմնադրամը կարիք ունի կազմակերպական և կոնցեպտուալ նոր մոտեցումների, որոնք առավել կբարձրացնեն նրա արդյունավետությունը, վստահությունը եւ կշիռը:

Ըստ այդմ, նախագահ Արմեն Սարգսյանը հույս ունի, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհաղթահարի այս փորձությունը և դրանից դուրս կգա նորացված՝ արժանի Նոր Հայաստանի ձգտումներին և մարտահրավերներին:

Կիսվել նյութով