Մամուլ

Համաձայնագիր է խախտվել, Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի. պաշտպան

Armtimes-ը գրում է․  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացվել:

Այս մասին մեր զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նրա հետ զրույցը ստորև.

– Պարոն Պողոսյան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը արդյո՞ք անձեռնմխելիություն ունի, թե՞ ոչ:

– Առկա է համաձայնագիր՝ ստորագրված 6 անդամ պետությունների ղեկավարների կողմից, որը ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին, համաձայն որի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ ՀԱՊԿ պաշտոնատար անձինք, ենթակա են պաշտպանության այն պահից, երբ անցել են իրենց պարտականությունների կատարմանը: Ըստ տվյալ համաձայնագրի 19-րդ հոդվածի՝ գլխավոր քարտուղարը պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամները օգտվում են առավելություններից եւ անձեռնմխելիությունից, որը սահմանված է հենց  տվյալ համաձայնագրով:

– Իսկ նրան անձեռնմխելիությունից զրկելու ի՞նչ ընթացակարգ կա:

– Անձեռնմխելիությունից զրկելու իրավասություն ունի միայն նույն համաձայնագրի 21-րդ կետով սահմանված ՀԱՊԿ խորհուրդը, որը իրենից ներկայացնում է անդամ պետությունների ղեկավարներին:

– Պարոն Պողոսյան, այսինքն՝ խորհուրդը պետք է նիստ անի, քննարկի նրան անձեռնմխելիություն զրկելու հարցը: Իսկ մինչ այդ չի կարող նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվե՞լ:

-Այո:

– Բայց հիմա իրեն փաստացի մեղադրանք են առաջադրել և քրեական հետապնդում սկսել:

– Իրականում դատարանում այս հարցը քննարկման առարկա արդեն իսկ դարձել է, սպասում ենք պաշտոնական պարզաբանումների այս հարցի վերաբերյալ, սակայն համաձայնագրով հստակ նշված է, որ քարտուղարը անձեռնմխելիությունից կարող է զրկվել միմիայն խորհրդի որոշմամբ:

– Եթե, այնուամենայնիվ, պաշտոնական պարզաբանում չլինի և դատարանը նրան կալանավորելու որոշում կայացնի, համաձայնագրի խախտում կլինի՞:

– Այո, արդեն իրեն մեղադրանք առաջադրելը համաձայնագրի խախտում է: Վարույթն իրականացնող մարմինը չի տիրապետում նույնիսկ այն տեղեկատվությանը, թե Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձ է, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ քիչ անց՝ ժամը 18:00-ին, դատարանը կքննի Յուրի Խաչատուրովին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Միջնորդությունը քննելու է դատավոր Դավիթ Բալայանը:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով