Սպորտ

Հաղթանակս նվիրում եմ ամբողջ հայ ազգին, սա Հայաստանի հաղթանակն է. Սիմոն Մարտիրոսյան

Սիմոն, շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ինչպիսի՞ն են զգացողություններդ աշխարհի ոսկե մեդալը նվաճելուց հետո:

Շնորհակալ եմ: Շատ լավ զգացողություններ ունեմ: Երջանիկ եմ, որ կարողացա Հայաստանի համար նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դեռ չեմ կարողանում բառերով նկարագրել զգացողություններս: Երեւի կվերադառնամ հայրենիք, նոր ամեն ինչ ավելի իրական կպատկերացնեմ:

Բա՞րդ էր հասնել աշխարհի չեմպիոնի կոչմանը:

Ինչպես ասում են՝ դժվար է մարզումներին, հեշտ մրցահարթակում: Իրականում՝ յուրաքանչյուր հաղթանակ մեծ դժվարությամբ է տրվում, դժվար մարզումների արդյունքում:

Սիմոն, դու մի քանի ռեկորդ սահմանեցիր. 435 կգ երկամարտի արդյունք: Այդքան ուժ քեզ որտեղի՞ց:

Չգիտեմ, երեւի պատահական ստացվեց (ծիծաղում է): Կատակում եմ… Երկար էի պատրաստվել այս առաջնությանն ու պայքարին:

Մրցակցության մասին ի՞նչ կասես:

Օլիմպիական չեմպիոնների հետ էի պայքարում, բայց այս անգամ մրցակցությունն այդքան էլ մեծ ու բարդ չէր:

Իսկ հավատու՞մ էիր, որ կնվաճես աշխարհի առաջնության ոսկե մեդալը:

Հավատում էի եւ աշխարհի առաջնության էի եկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու եւ այս կոչմանն արժանանալու նպատակով:

Ու՞մ ես նվիրում հաղթանակդ:

Սա միայն իմ հաղթանակը չէ, սա Հայաստանի հաղթանակն է: Նվիրում եմ մեր ամբողջ հայ ազգին եւ բոլոր նրանց, ովքեր ուրախացել են իմ հաղթանակով:

21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2017-ի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնը,  Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնը եւ ռեկորդակիր, Մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Երիտասարդ ծանրորդի մեդալային պահոցում պակասում էր միայն աշխարհի առաջնության մեդալ, որը լրացրեց ոսկե մեդալով:

Աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով