Մամուլ

Կործանված ՍՈւ-25 ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է

Հարուցվել է քրեական գործ՝ ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ. սև արկղը հայտնաբերվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։

Նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է սև արկղը։

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-գրել է Տռուզյանը։

Կիսվել նյութով