Մամուլ

Արցախն այն սահմանային գիծն է, որտեղ որոշվում է մեր ազգի արժանապատվությունը. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ`

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հաղթանակի ու խաղաղության տոնը, Շուշիի ազատագրման 25-ամյա հաղթանակը: Մեր տարեգրության ամենահիշարժան էջերը մեր հաղթանակներն են, որոնք հայրենանվեր գործերի ու նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին:

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հերոսական ճանապարհին իր արժանի ավանդն է ունեցել հայ ժողովուրդը, որը զենքը ձեռքին պայքարել և անպարտելիության բազում օրինակներ է թողել հետագա սերունդներին: Հաղթանակի ու խաղաղության հաստատումը միշտ արժևորվել է հայ ժողովրդի կյանքում և նորովի իմաստավորվել արդեն Շուշիի ազատագրումով:

Այս կրկնակի տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի կամքն ու վճռականությունը՝ պաշտպանելու իր արժանապատվությունը, անվտանգությունն ու առաջ շարժվելու անկոտրում ձգտումը: Պարտադրված պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ պատրաստ է նաև զենքով պաշտպանել իր ազատ, անկախ և խաղաղ ապրելու իրավունքը:

Ես արդեն առիթ եմ ունեցել ասելու և այսօր մեկ անգամ ևս կրկնում եմ, որ Արցախն այն սահմանային գիծն է, որտեղ որոշվում է մեր ազգի արժանապատվությունը, և մենք անվերադարձելի պարտք ունենք մեր զինվորի, մեր սպայի նկատմամբ: Նրանց անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել հաղթանակները, ապահովել անվտանգությունն ու առաջ գնալ ազգային նպատակների իրականացման լավատեսական ձգտումներով:

Մենք գլուխ ենք խոնարհում հերոսաբար մարտնչած, հաղթանակներ կերտած բոլոր զինվորների ու ազատամարտիկների, վետերանների ու հերոսների առջև, և մեր երախտիքի խոսքն ուղղում անձնվիրության ու հերոսության պատգամ թողած բոլոր հայորդիներին: Եվս մեկ անգամ շնորհավորելով Հաղթանակի տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, բարօրություն և նորանոր նվաճումներ:

Կիսվել նյութով