ԱշխարհՄամուլ

Խելացի դրամապանակ ստեղծող հայերը միլիոններ են աշխատել. Նարեկ Վարդանյանը բացում է գաղտնիքը

Armeniasputnik.am-ը գրում է․ «Խելացի դրամապանակի» բիզնեսը ծաղկում է, և հայ մշակողների հաջողությունն անտարբեր չի թողնում համաշխարհային ԶԼՄ-ներին։ Նարեկ Վարդանյանը պատմել է, որ գործարարները պետք է 3 հիմնական քայլ ձեռնարկեն։

Հայաստանում «խելացի դրամապանակ» ստեղծողները երկու տարվա ընթացքում միլիոններ են աշխատել և հայտնի դարձել ամբողջ աշխարհում։ Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է MillionaireMatch պարբերականի հոդվածը, որում ներկայացված է Նարեկ Վարդանյանի հետ հարցազրույցը։ Վարդանյանը Volterman-ը (դրամապանակ, որն անհնար է կորցնել) ստեղծած հայ ինժեներների ընկերության ղեկավարն է։

Դեռ մեկ տարի առաջ Հայաստանում բոլորը զարմացել էին այս նորամուծությունից` դրամապանակն ու բջջային հեռախոսը անբաժան կապված են միմյանց հետ և նույնիսկ «ազդանշան են» արձակում, եթե դրանցից մեկը կորչում է։ Բանն այն է, որ հայ մշակողները որոշել են մարդկանց մեկընդմիշտ ազատել դրամապանակը կամ հեռախոսը կորցնելու արդիական խնդրից։

Եթե հանկարծ կորցնեք Volterman «խելացի դրամապանակը», որոշ ժամանակ անց սկսում է գործել Bluetooth alarm ֆունկցիան և տիրոջը հասկացնում, որ դրամապանակը չկա։ Ավելին, գործում է նաև ներդրված տեսախցիկի ֆունկցիան։ Եթե գողը կամ նա, ով գտել է դրամապանակը, բացի այն, տեսախցիկն անմիջապես կլուսանկարի և սմարթֆոնին կուղարկի լուսանկարը։

«Խելացի դրամապանակն» անմիջապես գնելու ցանկություն հայտնողների թիվը հասավ 2500-ի, թեև վաճառքների պաշտոնական մեկնարկը նախանշված էր 2017 թվականի դեկտեմբերին։ Հայ մասնագետների զարմանալի մշակումը հետաքրքրել է նաև համաշխարհային ազդեցիկ պարբերականներին։ «Երբևիցե որևէ կարևոր բան կորցրե՞լ եք։ Համոզված եմ, որ շատ եք ուզել փոքրիկ փերին ցույց տա ձեր կորցրածի տեղը։ Այժմ դուք կարող են նման բան ունենալ։ Հայ ինժեներների թիմը ստեղծել է մի դրամապանակ, որը հնարավոր չէ կորցնել։

Volterman-ը ոչ միայն հետևելու համակարգ ունի, այլևը նախազգուշացնելու է ձեզ, եթե դուք հանկարծ տանից դուրս գաք առանց դրամապանակի։ Արդեն ավելի քան 12000 մարդ գրանցվել են Volterman դրամապանակը ստանալու համար, և մենք կարծում ենք, որ սա մեծ հաջողություն է։ Բացի այն, որ Volterman-ի թիմը գրավել է համընդհանուր ուշադրությունը, այն նաև ավելի քան 1.8 մլն դոլար է վաստակել», -նշում է հոդվածի հեղինակ Ջորեսա Բլաունթը և ներկայացնում ընկերության տնօրեն Նարեկ Վարդանյանի հետ հարցազրույցը։

Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես ծնվեց նման դրամապանակ ստեղծելու գաղափարը, պատմել է, որ ամեն ինչ սկսվեց, երբ գյուտարար Ազատ Թովմասյանը կորցրեց իր դրամապանակը։ Նա էլ հենց տվեց այդ միտքը` ստեղծել դրամապանակ, որը երբեք չի կորչի։ Նախագծի աշխատանքները սկսել են իրականացնել 2 տարի առաջ։

Առավել մանրամասն՝ կարող եք կարդալ այստեղ։

Կիսվել նյութով